Բաժին. Ֆինանսական

Ադրբեջանում ավանդների 80%-ը պահվում է ԱՄՆ դոլարով

Ադրբեջանում ֆիզիկական անձանց ավանդների 80,5 տոկոսը արտասահմանյան արժույթով է (դոլարով):

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadlig.info կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկին:

Նշվում է, որ հուլիսի 1-ի դրությամբ բանկերում ֆիզիկական անձանց ընդհանուր հաշիվը կազմել է 7 մլրդ 815,6 մլն մանաթ, որի 6 մլրդ 298,5 մլն մանաթը կամ 80,5 տոկոս մասը եղել է արտասահմանյան արժույթով, գլխավորապես` դոլարով, 1 մլրդ 517,1 մլն մանաթ մասը կամ 19,5 տոկոսը` ազգային արժույթով` մանաթով:

Ադրբեջանական բանկերում ավանդների 6 մլրդ 792,5 մլն մանաթը պատկանում է ռեզիդենտներին, 1 մլրդ 23,1 մլն մանաթը` ոչ ռեզիդենտներին:

Կայքը հայտնում է, որ այսօր Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի անցկացրած արտարժույթի վաճառքում կոմերցիոն բանկերի` դոլարի նկատմամբ պահանջարկը 11 անգամ գերազանցել փաստացի առաջարկին: Բանկերի դոլարի պահանջարկը կազմել է 550 մլն դոլար, իսկ հիմնադրամը վաճառքի է հանել ընդամենը 50 մլն դոլար, որը վաճառվել է 29 բանկի:

Կայքը հայտնել է, որ Ադրբեջանում նավթի եւ մանաթի էժանացման հետեւանքով 2016 թվականի առաջին կեսին հիպոթեքային հիմնադրամի միջոցների հաշվին հիպոթեքային վարկավորման ծավալը կազմել է 1,1 մլն մանաթ, ինչը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 50 տոկոսով փոքր է:  Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը 2600 աշխատակցի ազատել է աշխատանքից` ընկերությունում ճգնաժամի հետ կապված կրճատումներ սկսվելու պատճառով:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի արդեն մոտ 150 տոկոսով արժեզրկման պատճառով 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Share