Բաժին. Ֆինանսական

Սերունդ՝ երկու քարի արանքում. 30-ից 40 տարեկանների սերնդի ֆինանսական բեռն աճում է

HSBC-ի «Կենսաթոշակի անցնելու ապագան» տարիներ շարունակ իրականացվող հետազոտության նոր զեկույցի համաձայն՝ ֆինանսական ամենամեծ բեռը մարդկանց բաժին է ընկնում 30-40-ը տարեկան հասակում:

17 երկրում, ավելի քան 18,000 աշխատանքային տարիքի մարդկանց և կենսաթոշակառուների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս տարիքային խմբում գտնվող մարդկանց 69%-ը ֆինանսապես օժանդակում է հարազատներին, նույնքանը  գումար են հատկացնում երկարաժամկետ խնայողությունների համար, իսկ 63%-ը  վարկային վճարումներ է կատարում:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ամենամեծ ֆինանսական բեռն իրենց վրա զգում են 30-ից 49-ը տարեկան մարդիկ՝ կազմելով այն սերունդը, որը գտնվում է «երկու քարի արանքում». սերունդ, որը ֆինանսական պարտավորություն է կրում թե´ իրենից ավագ, և թե´ երիտասարդ սերնդի համար:

Լարվածությունը սկսում է թեթևանալ միայն 50-59 տարեկան հասակում և շատերի մոտ սկսվում է ավելի բարեկեցիկ կյանք վայելելու ժամանակաշրջանը: Ավագ երեխաները սկսում են առանձին ապրել և ծնողները հնարավորություն են ստանում կրճատել այս մասով իրենց որոշ ծախսերը: 50 և ավելի բարձր տարիքային խմբում մարդկանց զգալիորեն ավելի քիչ (57%) մասն է, որ շարունակում է ֆինանսապես օժանդակել հարազատներին: 

Երեխաների՝ հայրական տնից հեռանալը դրական է անդրադառնում ծնողների ապրելակերպի վրա. 50  և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում կտրուկ աճում է այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են գումար հատկացնել հանգստի և ժամանցի (76%)՝ այդ թվում նաև արձակուրդների և ճամփորդության համար, ինչպես նաև նվազում է նրանց թիվը ովքեր վարկ են վճարում (50%):

Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ այսօր  ֆինանսական դժվարությունները, որոնք հիմնականում բնորոշ են 30-ից 40 տարեկան՝ «երկու քարի արանքում» գտնվող սերնդի մարդկանց, հետզհետե փոխանցվում են ավելի երիտասարդ տարիքային խմբերին: 20-29 տարիքային խմբում գտնվող երիտասարդներից շատերն արդեն ստիպված են վարկեր վճարել և ֆինանսապես օգնել հարազատներին (52%):

Հատկանշական է, որ երիտասարդները չեն գիտակցում այս ֆինանսական ծախսերի հետևանքները և թե ինչպիսի ազդեցություն դրանք կարող էին ունենալ իրենց ապրելակերպի վրա՝ կենսաթոշակային տարիքում: Նախասիրությունների և վայելքների վրա գումար է ծախսում 25-ից 29-ը տարեկան աշխատանքային տարիքի մարդկանց գրեթե կեսը (46%), մինչդեռ 50-ից 60 տարեկան մարդկանց միայն 36%-ն է իրեն թույլ տալիս դա անել:

Ֆինանսների հանդեպ վերաբերմունքը կարևոր դեր է խաղում. օրինակ 25-29 տարեկան երիտասարդների 42%-ը նախընտրում է վայելել ներկան և չանհանգստանալ, թե ինչ ազդեցություն դա կարող է ունենալ ապագայի վրա: Նման մոտեցումը ենթադրում է, որ այս սերունդը, հնարավոր է բավականաչափ պատրաստ չլինի դիմակայելու այն հնարավոր և սպասվող ֆինանսական դժվարություններին, որոնց կարող են հանդիպել գալիք տասնամյակների ընթացքում: 

Հետազոտության համաձայն՝ 25-29 տարեկան երիտասարդների 24%-ը համարում է, որ կյանքում ամենակարևորը ֆինանսական միջոցների խիստ վերահսկումն է:  Այս տարիքային խմբից շատերը նաև գրեթե չեն անհանգստանում իրենց հետագա կյանքի համար. նրանց 44%-ի կարծիքով՝ հեռավոր ապագան չափազանց անորոշ է ծրագրեր կազմելու համար:

HSBC Հայաստանի անհատական վարկերի պորտֆելի ուսումնասիրությունը նույնպես ցույց է տվել գրեթե նույն պատկերը: Վարկային պրոդուկտներից օգտվող անհատների միջին տարիքը 39-ն է: 20-29 տարիքային խմբում գտնվող երիտասարդները, որոնք վարկեր ունեն կազմում են ընդհանուր պորտֆելի 20%-ը, մինչդեռ «երկու քարի արանքում» գտնվող սերնդին բաժին է ընկնում՝ 60%-ը, իսկ վարկառուների տարիքային ցանկը գլխավորում են 30-39 տարեկանների խումբը (35%): Ինչպես նշված է HSBC-ի «Կենսաթոշակի անցնելու ապագան» զեկույցում, HSBC Բանկ Հայաստանի տվյալներով նմանապես, վարկառուների քանակը պակասում է տարիքը բարձրանալուն զուգընթաց՝ մարդիկ ավելի մեծ դժվարությամբ են ֆինանսական բեռ վերցնում իրենց վրա, երբ հասնում են 50-70-ի:

HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն (նշանակված) Փոլ Էդգարը մեկնաբանում է. «Այսօր, երբ «երկու քարի արանքում» գտնվող սերնդին բնորոշ  ֆինանսական դժվարությունները փոխանցվում են ավելի երիտասարդ տարիքային խմբերին, չափազանց կարևոր է, որ մարդիկ բոլոր տարիքներում էլ գիտակցաբար մոտենան իրենց ֆինանսական միջոցներին և սկսեն ավելի ակտիվ կերպով խնայողություններ անել՝ իրենց հետագա կյանքի համար:

Պատշաճ կերպով նախապատրաստվելը՝ վաղ տարիքից խնայողություններ անելը կամ ազգային կենսաթոշակային համակարգին միանալու մասին մտածելը կօգնի երիտասարդներին պատրաստվել կենսաթոշակային կյանքին»:

Գործնական քայլեր

HSBC-իհետազոտության շրջանակում ներկայացված են այն չորս քայլերը, որոնք մարդկանց կօգնեն բարելավել իրենց ֆինանսական վիճակը կենսաթոշակային տարիքում.

1. Հաշվի առեք Ձեր կենսաթոշակային բոլոր ծախսերը: Կենսաթոշակային կյանքը պլանավորելիս՝ հաշվի առեք Ձեր բոլոր հնարավոր ծախսերը:

2. Սկսեք կենսաթոշակային խնայողություններ անել ավելի վաղ: Սկսեք կենսաթոշակային խնայողություններ կատարել ավելի վաղ՝ ավելի մեծ գումար երկարաժամկետ առումով կուտակելու համար:

3. Հավաստիացեք, որ Դուք մասնագիտական խորհուրդ եք ստանում: Տեղեկատվություն փնտրեք տարբեր աղբյուրներից, սակայն հավաստիացեք, որ Ձեզ տրվող խորհուրդները մասնագիտական են:

4. Պատրաստ եղեք ֆինանսական վերելքների և անկումների: Երբ կենսաթոշակային խնայողություններ կատարելը դժվարանում է, վերանայեք Ձեր բոլոր ֆինանսական միջոցները և այլընտրանքային ուղիներ գտեք, որոնք կօգնեն Ձեզ բարեկեցիկ կյանք վարել կենսաթոշակային տարիքում:

Share