Բաժին. Ֆինանսական

Ադրբեջանական մանաթի անկումը շարունակվում է

Ադրբեջանում մանաթի արժեզրկման հետ կապված դոլարային իրարանցումը շարունակվում է: Որոշ բանկեր արտարժույթը սկսել են վաճառել «անհատական կարգով» սահմանված փոխարժեքով: Դոլարի նկատմամբ բնակչության պահանջը մեծացել է կապված դոլարի նկատմամբ մանաթի մինչեւ սեպտեմբերի 3-ը եւս 40 տոկոսով թանկանալու մասին լուրերի շրջանառության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, fins.az լրատվական կայքը հայտնում է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը բանկերին օրական պահանջվածից մինչեւ 40 անգամ պակաս դոլար է վաճառում, ինչի պատճառով բոլոր բանկերը սկսել են յուրաքանչյուր անձին 100 ամերիկյան դոլարից ավելի արտարժույթ չվաճառել: Ադրբեջանի Xalq Bank բանկն էլ հայտարարել է, որ եվրոն վաճառվում է միայն դրամարկղում, այն էլ` «անհատական կարգով» սահմանված փոխարժեքով:

Istiqlal.az կայքին բանկային հատվածի աղբյուրները հայտնել են, Ադրբեջանում դոլարի վաճառքը գրեթե դադարեցվել է, վերակենդանացել է սեւ շուկան:

«Արժեզրկմանը պատրաստվելու նպատակով բանկերը պաշտոնապես նվազագույնի են հասցրել դոլարի վաճառքը եւ արտարժույթը հանել սեւ շուկա: Սեւ շուկան գտնվում է բանկերի ամբողջական վերահսկողության տակ», -գրում է ադրբեջանական կայքը:

Կայքը նշում է, որ ներկայում պաշտոնապես 1 դոլարը արժե 1,62 մանաթ, իսկ իրականում` 1,70 մանաթ:

«Մոտ օրերին դոլարի փոխարժեքը կդառնա 2,02 մանաթ», – համոզմունք է հայտնում կայքը:

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ 2016 թվականի հունվարի համեմատ, ներկրումն Ադրբեջան շարունակում է աճել: Պետական մաքսային կոմիտեի համաձայն` հունվար-հուլիսին արտահանումը տարեկան 49,42 տոկոսով նվազել է` կազմելով 2 349 778,2 հազար դոլար, իսկ ներկրումը նվազել է 14,2 տոկոսով` կազմելով 1 336 857,86 հազար դոլար: Բացասական հաշվեմնացորդը մոտ 1 մլրդ դոլար է, ինչն անխուսափելի է դարձնում մանաթի կտրուկ արժեզրկումը:

Share