Բաժին. Ֆինանսական

Արդեն չորրորդ ամիսն է ինչ ադրբեջանական բանկերը հիփոթեքային վարկեր չեն տրամադրում

Ադրբեջանական բանկերն արդեն 4-րդ ամիսն է հիփոթեքային վարկեր չեն տրամադրում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը:

2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի հիփոթեքային հիմնադրամի (AİF) միջոցներից հիփոթեքային վարկավորումը կազմել է 1,1 մլն մանաթ, ինչը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 65,3 անգամ պակաս է: Կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն` հիփոթեքային հիմնադրամը հունվար-օգոստոս ամիսներին 30.8 մլն մանաթի չափով վարկեր է վերաֆինանսավորել, ինչը նշանակում է 47,5 տոկոսով նվազում: 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հիփոթեքային ֆոնդը սոցիալական հիփոթեքային վարկեր տրամադրելու համար երկրի պետբյուջեից ստացել է 32,4 մլն մանաթ:

Թերթը հայտնում է, որ դրա հետ միասին, ընթացիկ տարվա մայիսից սկսած հիմնադրամի գործակալ բանկերը հիփոթեքային վարկեր չեն տրամադրել բնակչությանը: Ադրբեջանի հիփոթեքային հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականի դեկտեմբերին եւ սկսել է հիփոթեքային վարկեր տրամադրել 2006 թվականի մարտից: Ադրբեջանում սոցիալական հիփոթեքային վարկավորումը սկսվել է 2007 թվականից եւ գործել է 6 ամիս:

2009 թվականի հունիսի 1-ից հիփոթեքային վարկավորումը վերականգնվել է կոմերցիոն հիմունքներով գործելու պայմանով: Կոմերցիոն պայմաններով հիփոթեքային վարկերը մանաթով տրվում է միայն Ադրբեջանի քաղաքացիներին` 3-ից 25 տարի ժամկետով: Վարկի առավելագույն ծավալը չի գերազանցում 50 հազար մանաթը: Այն չի կարող տրվել 8 տոկոսից բարձր տարեկան տոկոսադրույքով: Ադրբեջանի պետական բյուջեից ֆինանսավորվում է միայն սոցիալական հիփոթեքային վարկավորումը: Դրա առավելագույն չափը 50 հազար մանաթ է, տարեկան տոկոսադրույքը` 4 տոկոսից ոչ բարձր: 2015 թվականի հիփոթեքային հիմնադրամի գործակալ բանկերը 97.2 մլն մանաթի չափով հիփոթեքային վարկեր են հատկացրել:

Share