Բաժին. Ֆինանսական

Յունիբանկն այսօր տոնում է հիմնադրման 15-ամյակը

Այս տարի «Յունիբանկ» ԲԲԸ-ն տոնում է իր հիմնադրման 15-ամյակը: Երևանի կենտրոնում բանկն իր դռները բացեց 2001 թվականին և գրեթե առաջին իսկ օրվանից սկսեց իրականացնել հաճախորդների բանկային համալիր սպասարկում: «Յունիբանկի» հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 24-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոնական համերգին կմասնակցեն հայ և արտասահմանյան հայտնի կատարողներ:

«Յունիբանկն» իր առաքելությունն է համարում նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, իր հաճախորդների, բաժնետերերի և գործընկերների ֆինանսական վիճակի բարելավմանը, ինչպես նաև որակյալ ֆինանսական ծառայությունների նկատմամբ հասարակության պահանջարկի բավարարմանը: 15 տարվա կայուն և հաջող աշխատանքի արդյունքում «Յունիբանկը» կարողացավ արժանանալ հաճախորդների վստահությանը և ձեռքբերել բարձր հեղինակություն և գործարար համբավ:

Այսօր «Յունիբանկի» ծառայություններից օգտվում են ավելի քան 320 հազար հաճախորդներ, իսկ 4 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ընտրել են բանկը՝ որպես ֆինանսական գործընկեր: Բանկին վստահել են ավելի քան 24 հազար ավանդ:

2016թ.-ի երրորդ եռամսյակում «Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունք գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622 մլն ՀՀ դրամի շահույթ:

Յունիբանկն ամուր դիրքեր ունի շուկայում, այդ թվում` նաև մանրածախ բիզնեսի գծով, որը ժամանակակից բանկային գործի համար հիմնական, դինամիկ զարգացող ուղղությունն է: Բանկն օգտագործում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները` որպես մրցակցային առավելությունների և հաճախորդների սպասարկման որակի բարձրացման կարևոր գործոն: Ներկա դրությամբ բանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 210 հազարը:

«Յունիբանկը» շարունակում է ակտիվ օժանդակություն տրամադրել երկրի տնտեսության հիմքը ձևավորող փոքր և միջին ձեռնարկություններին: Բանկի վարկային ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն ու սեզոնային գործունեությունը: Այս մոտեցման շնորհիվ ձեռնարկությունը կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունն ու մրցունակությունը: Տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների մեծացման և ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիության բարձրացման նպատակով, «Յունիբանկը» շարունակել է համագործակցությունը միջազգային կառույցների, այդ թվում` Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և KfW գերմանական բանկի հետ:

Երկրի ֆինանսական շուկայի համար «Յունիբանկի» IPO-ն դարձավ 2015 թվականի գլխավոր իրադարձություններից մեկը: «Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում որ նախնական հրապարակային առաջարկի միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում: «Յունիբանկի» ռազմավարությունը նախատեսում է ներդրումային գրավչության բարձրացում` առաջնորդվելով մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանության սկզբունքներով: Այս տարվա հոկտեմբերին բանկի բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվեցին բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակ, որի արդյունքում «Յունիբանկը» դարձավ բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում ընդգրկված առաջին բաժնետիրական ընկերությունը:

2015 թվականին «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկը» ճանաչվեց լավագույնը «Ժողովրդական բանկ» անվանակարգում:

Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում, 113 բանկոմատ, 163 վճարային տերմինալ և ավելի քան 50 պրոմո կետ:

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում նաև VIP-սպասարկման զարգացմանը: Համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին Unibank Privé առաջարկում է լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում:

«Յունիբանկն» ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերում հասարակության կյանքում, հետևելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին և ջանքերն ուղղելով ենթակառուցվածքի զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Յունիբանկն» ակտիվ աջակցություն է տրամադրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված էին ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը:

«Յունիբանկը» համագործակցում է մանկական հիմնադրամների, այդ թվում` «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ, օգնում է անցկացնել մանկական սպրոտային մրցաշարեր: «Յունիբանկն» իրականացնել է երևանյան և մարզային դպրոցների բարեկարգման ծրագիր, աջակցում է ավիամոդելավորման խմբակին: Բանկն ավանդաբար իր աջակցություն է տրամադրում «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, ակտիվ աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոններին: «Յունիբանկը» հանդես է եկել որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հովանավոր, օժանադակել հայ երգիչների և կոմպոզիտորների:

Ջերմ, մտերիմ հարաբերություններ են ստեղծվել Ջիվան Գասպարյանի հետ: «Յունիբանկը» մեծ սիրով օժանդակեց մաէստրոյի դուդուկի դպրոցի ստեղծմանը: Բանկն իր աջակցությունը տրամադրեց նաև «Տեֆի-hամագործակցություն» միջազգային հեռուստատեսային փառատոնին:

«Յունիբանկն» անհրաժեշտ բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի համագործակցությունն իր հաճախորդների, բաժնետերերի և գործընկերների հետ շարունակվի և հիմնված լինի փոխադարձ հարգանքի, վստահության և հաջողության ձգտման վրա:

Share