Բաժին. Ֆինանսական

Նախագահի աշխատակազմի բյուջետային հատկացումները նվազել են 504 միլիոն դրամով

Հայաստանի 2017թ. պետական բյուջեով նախատեսվում է ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացնել 4 միլիարդ 522 միլիոն դրամ։ Ազգային ժողովում ՀՀ 2017թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ «2016թ. Նախագահի աշխատակազմին և ազգային անվտանգության խորհրդին հատկացված 5 միլիարդ 97 միլիոն դրամի դիմաց այս տարի ներկայացված գումարը նվազել է 504 միլիոն դրամով: Այդ նվազումը պայմանավորված է նրանով, որ Նախագահի կարգադրությամբ լուծարվել է ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը  և այն դարձել է Նախագահի աշխատակազմի ստորաբաժանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գևորգյանը:

Նա հայտնեց, որ 520 հազար դրամով նվազել է Կառավարման ակադեմիայի համար նախատեսված գումարը: Նվազումը պայմանավորված է կոմունալ ծախսերի օպտիմալացմամբ: 2017թ. Նախագահի աշխատակազմը նախատեսում է իրականացնել բազմաթիվ օրենքների նախագծերի և միջազգային պայմանագրերի փորձաքննություններ:

Մեծածավալ աշխատանք է նախատեսվում նախագահի այցերի, պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված։ Նախատեսվում է իրականացնել արտաքին քաղաքականության հարցերում նախագահի գործունեության ապահովման աշխատանքներ՝ արտասահմանյան այցերի և պետությունների ղեկավարների Հայաստան այցերի, մոտ 970 հանդիպումների բովանդակային մասի ապահովում, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վերաբերյալ 20 զեկույցների ուսումնասիրություն:

Share