Բաժին. Ֆինանսական

Անցյալ տարվա առաջին դեվալվացիայից հետո ադրբեջանական մանաթը 114% անկում է ապրել

Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, 2015 թվականի առաջին դեվալվացիայից հետո 114 տոկոս անկում է ապրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Ադրբեջանի կենտրոնական բանկը 2015 թվականի դեկտեմբերի 21-ին երկրորդ դեվալվացիայով դոլար-մանաթ փոխարժեքը հասցրել էր 1,55 մանաթի:

Դեվալվացիայից հետո` 2016 թվականի մայիսի 2-ի դրությամբ, դոլար-մանաթ փոխարժեքը կազմել է 1,4900 մանաթ, եւ  շարունակաբար սկսել է անկում ապրել:

Վերջին շրջանում մանաթի արժեզրկումը կրկին արագ տեմպեր է ստացել: Ադրբեջանի կենտրոնական բանկի հաղորդմամբ` 2016 թվականի նոյեմբերի 8-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,6686 մանաթ, այսինքն`  2015 թվականի դեկտեմբերի 21-ի այն աճել է 7,6 տոկոսով` 100 դոլարի համար 11 մանաթ 86 սենթով:

2015 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած առաջին դեվալվացիայի համեմատ մանաթը 114 տոկոսով արժեզրկվել է:

Նախորդ տարի Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել էր 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը հիմնավորել էր արտաքին առեւտրաշրջանառության մեջ դրական սալտոյի, ինչպես նաեւ այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում էր, որ արտաքին բացասական ազդակով, այդ թվում նավթի գնի անկումով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոխարժեքը հարմարեցնելու նավթի նոր գներին:

Ադրբեջանական նավթի գների անկմանը զուգահեռ շարունակում է գահավիժել նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը:

Share