Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների ծավալը 57.2 մլրդ դրամ է

ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններ հանդիսացող և ՀՀ ԿԲ կողմից կարգավորվող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն են.

1. «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 19/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 5 տրլն ԱՄՆ դոլար:

2. «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 29/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը (C-QUADRAT Investment AG)՝ 74.9 տոկոս մասնակցությամբ և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH) ընկերությունը՝ 25.1 տոկոս մասնակցությամբ: Խումբն ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 130 մլրդ ԱՄՆ դոլար:

Կենսաթոշակային Ֆոնդերի մասնակիցների թիվը  կազմում է շուրջ 155 000 մարդ, որից 65 000 պետական համակարգի մասնակիցներ են: Մնացած 90 000 մասնակիցը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են:

Ֆոնդերի կատարողականի առումով նշենք, որ ֆոնդերի եկամտաբերությունը ստեղծման պահից կազմում է 25.9% (1 փայի գինը ստեղծման պահին 1000 դրամից աճել է մինչև 1259 դրամ):

Ֆոնդերի եկամտաբերությունը 2016 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում կազմում է 14.4% տարեկանացված: Հատկանշական է, որ ֆոնդերի ստեղծման պահից սկսած մինչ 2016 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի գնաճը կազմել է ընդամենը 2%, ինչը նշանակում է, որ ֆոնդերը ապահովել են քաղաքացիների խնայողությունների իրական աճ:

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները /31.10.2016թ. դրությամբ/

Ֆոնդերում կուտակված գումարները, ՈՐԻՑ՝ 57.2 մլրդ ՀՀ դրամ

ՀՀ տնտեսության ֆինանսավորում, ՈՐԻՑ՝ 19.8 մլրդ դրամ, 34%

– Բանկային ավանդներ` 17.0 մլրդ դրամ, 29%

– Կորպորատիվ, հիփոթեքային և միջազգային կազմակերպությունների պարտատոմսեր 2.8 մլրդ դրամ, 5%

ՀՀ պետական պարտատոմսեր` 23.3 մլրդ դրամ, 41%

Օտարերկրյա ներդրումային Ֆոնդերի արժեթղթեր` 14.1 մլրդ դրամ, 25%

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը 31.10.2016թ. դրությամբ (NAV)

Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ՓԲԸ

Հավասարակշռված ֆոնդ` 852 մլն դրամ

Պահպանողական ֆոնդ` 28.2 մլրդ դրամ

Կայուն եկամտային ֆոնդ` 478 մլն դրամ

Ցե Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ՍՊԸ

Հավասարակշռված ֆոնդ` 320 մլն դրամ

Պահպանողական ֆոնդ` 27.2 մլրդ դրամ

Կայուն եկամտային ֆոնդ` 178 մլն դրամ

Ընդամենը` 57.2 մլրդ դրամ

1. Պետական պարտատոմսեր: Կենսաթոշակային համակարգի ակտիվների 41%-ը կամ 23.3 մլրդ դրամը տեղաբաշխված են ՀՀ պետական պարտատոմսերում:

2. Կենսաթոշակային համակարգի ակտիվները տեղաբաշխված են նաև բանկերում և ոչ պետական արժեթղթերում, որոնք ուղղվում են ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը, այդ թվում.

– Բանկային ավանդներ: Համակարգի ակտիվների 29%-ը կամ շուրջ 17.0 մլրդ դրամը տեղաբաշխված են բանկերում: Այս երկարաժամկետ ներգրավված միջոցները բանկերին հնարավորություն են տալիս ավելի երկարաժամկետ ներդրումներ անել տնտեսության մեջ՝ հատկապես ՓՄՁ ոլորտում:

– Ազգային հիփոթեքային ընկերություն: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 788 մլն ՀՀ դրամը տեղաբաշխված է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից թողարկված արժեթղթերում: Ստացված միջոցներով Ազգային հիփոթեքային ընկերությունը իրականացնում է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում: Բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրելով ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ հիփոթեքային վարկերը դարձնում է մատչելի բնակարանային ֆինանսավորման կարիք ունեցող քաղաքացիների համար:

– Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC): Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 239 մլն ՀՀ դրամը տեղաբաշխված է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից թողարկված ՀՀ դրամով պարտատոմսերում, որոնք ցուցակված են Nasdaq-ՕMX Armenia ֆոնդային  բորսայում: Միջազգային ֆինանսական կորպորացիան նշված միջոցներով իրագործում է վարկավորման ներդրումային ծրագրեր ՀՀ ֆինանսական շուկաներում, արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, հանքարդյունա-բերությունում, առևտրում և այլ  ոլորտներում:

– Արժեթղթավորման հիմնադրամի արժեթղթեր: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 95 մլն դրամ ներդրում է կատարվել ՀՀ-ում առաջին անգամ իրականացված արժեթղթավորման պրոյեկտի միջոցով թողարկված պարտատոմսերում: Թողարկված պարտատոմսերի համար որպես ապահովություն հիմք են հանդիսացել 5 վարկային կազմակերպություններից ձեռք բերված վարկեր 1.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (թվով մոտ 600 հատ ՓՄՁ, գյուղատնտեսական և սպառողական վարկերը): Թողարկումն իրականացվեց 2015 թվականի դեկտեմբերին, իսկ 2016 թվականի հունվար ամսին ազդարարվեց այս պարտատոմսերի բորսայական առևտրի մեկնարկը:

3. Կենսաթոշակային համակարգի ակտիվների 25%-ը բաժնային արժեթղթեր են (ETF – Exchanged traded funds, արտասահմանյան ֆոնդերի Փայեր): Այս ներդրումները կատարվել են օտարերկրյա կապիտալի շուկաներում ձևավորված շահույթը մեր ֆոնդերի մասնակիցներին հասանելի դարձնելու համար, ընդ որում ETF-երը հանդիսանում են 1000-ից ավել ցուցակված արժեղթղթերի համախումբ: Այս ֆոնդերը ներառում են այնպիսի ընկերությունների արժեթղթեր, ինչպիսիք են Apple, Google, Microsoft, Nestle, Toyota, Nissan, Sony, Coca-Cola և այլն: Միջոցները տեղաբաշխված են նաև այլ երկրների պետական պարտատոմսերում (ԱՄՆ), հանքարդյունա-բերությունում (Gold mining fund):

Քաղաքացիները հնարավորություն ունեն 3 տարբերակով տեղեկանալ իրենց հաշվում առկա միջոցների, այդ թվում հաշվետվությունների մասին՝

– հաշվի օպերատորների միջոցով՝ Հայփոստ, Արարատբանկ, Արդշինբանկ, HSBC, Ինեկոբանկ, Կոնվերսբանկ, Հայբիզնեսբանկ, ՎՏԲ Հայաստան Բանկ (քաղաքացիների պահանջի դեպքում հիշյալ կազմակերպություններում նրանց տրամադրվում է համապատասխան տեղեկանք),

– epension.am կայքի միջոցով օգտվելով նույնականացման քարտից և քարտ կարդացող սարքից,

– ՀՀ տարածում գործող ARCA համակարգի բանկոմատների միջոցով (քաղաքացիներն իրենց բանկային քարտերի միջոցով կարող են ծանոթանալ վերջին 10 գործարքներին և իրենց հաշվեկշռին):

Ինչ վերաբերում է ֆոնդերի կատարողականի և ներդրումների մասին տեղեկանալուն, ապա նշենք, որ տեղեկատվությունը մշտապես ամենօրյա պարբերականությամբ թարմացվում և առկա է 2 կառավարիչների և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ինտերնետային կայքերում (www.amundi-acba.am, https://www.c-quadrat-ampega.am, www.nasdaqomx.am), իսկ ամփոփ տեղեկատվություն եռամսյակային կտրվածով հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում՝ https://www.cba.am/am/SitePages/statfinorg.aspx:

Share