Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկը «պակաս լավատես է»

Կենտրոնական բանկը (ԿԲ) վերանայել է մեր երկրում տնտեսական աճի իր գնահատականները: Ինչպես պարզաբանում են ԿԲ-ից՝ դրանք վերանայվել են նվազման ուղղությամբ: Ներկայում ԿԲ-ն 2016 թվականի տնտեսական աճը գնահատում է 1.3-1.8%:

Գնահատականների վերանայմանը նվազման ուղղությամբ ու համեմատական կարգով առավել վատատեսական կանխատեսումների ձևավորմանը նպաստել են մի շարք գործոններ, մասնավորապես՝ ընթացիկ տարում հանրապետությունում առևտրի շրջանառության ցածր ծավալների պահպանումը, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում թողարկման ծավալների նվազման ռիսկերի դրսևորումը:

Միևնույն ժամանակ, ԿԲ գնահատմամբ՝ տնտեսական աճին հիմնականում կնպաստի զուտ արտահանումը՝ պայմանավորված ինչպես հիմնական առևտրային գործընկեր եկրների տնտեսական ակտիվության արագացմամբ, այնպես էլ առկա արտաքին պահանջարկի պայմաններում արտահանելի հատվածի դրական զարգացումներով:

Արդյունքում, 2017 թվականից տնտեսական աճի տեմպերը կարագանան. հաշվետու ժամանակահատվածի վերջում տնտեսական աճը կկազմի 2.8-4.3%:

Ուշագրավ է, որ ԿԲ վերլուծաբաններն ընդգծում են՝ կանխատեսվող տնտեսական աճի տեմպերը կարող են նվազել, եթե մեր երկրում կառուցվածքային բարեփոխումները դանդաղ ընթանան և տնտեսության արտահանելի հատվածում ներդրումները զգալիորեն չավելանան: Ընդ որում, ըստ ԿԲ-ի՝ այս ներդրումների արդյունավետությունը կլինի բարձր, եթե վերջիններս հիմնականում ձևավորվեն որպես ուղղակի օտարերկրյա ներդրումներ կամ ֆինանսավորվեն ներքին խնայողությունների միջոցով, քանի որ Հայաստանի տնտեսությունում արտաքին խնայողությունների, արտաքին պարտքի և վարկային միջոցների հաշվին իրականացված ներդրումները մոտեցել են իրենց արդյունավետության առավելագույն սահմանին:

Share