Բաժին. Ֆինանսական

Համաշխարհային Բանկ. ՀՀ հարկային նոր օրենսգրքի շուրջ առաջացած դժգոհություններն անհասկանալի են

Հայաստանը դատապարտված է հարկային բարեփոխումներ անելու. երկիրը պետք է քայլեր ձեռնարկի` թե հարկային քաղաքականության, թե վարչարարության մասով լինելու արդյունավետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ և առաջադրանքի թիմի համաղեկավար Գոհար Գյուլումյանը` անդրադառնալով Հարկային օրենսգրքին:

«Ընդունված օրենսգիրքն առաջարկում է մեղմ փոփոխություններ, հիմնականում ակցիզային դրույքաչափերի ինդեքսավորումն է, որը հետ էր մնացել, այն 5 տարի ճշգրտման չէր ենթարկվել: Վերանայումից հետո էլ Հայաստանում ակցիզային դրույքաչափը շատ երկրների համեմատ շարունակում է մնալ ցածր»,-ասաց Գոհար Գյուլումյանը:

Համաշխարհային բանկի մասնագետի համար անհասկանալի են Հարկային նոր օրենսգրքի շուրջ առաջացած դժգոհությունները: Նրա խոսքով, բոլորը դժգոհ են, որ խոշոր հարկատուները բավարար հարկեր չեն վճարում, ասում են, որ դա սոցիալական անարդարության մեծ աղբյուր է, բայց միաժամանակ բոլորը դժգոհ են Հարկային օրենսգրքից:

«Դժգոհ են այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է ներմուծել նոր հարկ` շահաբաժինների հարկ, որը բնականաբար պետք է կիրառվի միայն նրանց նկատմամբ, ովքեր շահաբաժիններ են տնօրինում` հարուստ մարդկանց նկատմամբ: Այն խոշոր բիզնեսը, որը պետք է լինի ավելացված արժեքի հարկի դաշտում, դժգոհություն է հրահրում` ապակողմնորոշելով փոքր բիզնեսին, որը դժգոհում էր ԱԱՀ-ի շեմի նվազեցման մասով: Գիտեք ինչ, որևէ ցիվիլ տնտեսություն ունեցող երկիր չի կարող գործել պարզեցված հարկի դաշտում, դա հարկային ռեժիմ է` նախատեսված միկրո ձեռնարկությունների համար»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, հասարակության մի մասը մի կողմից ասում է ստվեր կա, մյուս կողմից էլ դժգոհում է ԱԱՀ-ից, որը տնտեսության հիմնարար հարկն է: 

«Ասում են, թե փաստաթղթաշրջանառությունը բարդ է, բայց պե՞տք է մի օր սկսել, ու բոլորին բերել դաշտ: Նորմալ հարկատուները պետք է ԱԱՀ-ի դաշտում լինեն, բայց մենք  արհեստականորեն նրանց այլ հարկային դաշտ ենք բերում` էրոզիայի ենթարկելով հարկային բազան: Երեկ ընդունվեց 2017 թվականի բյուջեն, առաջարկներ կան ծախսերն ավելացնելու համար: Այո, ծախսային մասը տխուր պատկեր է ապահովում: Ասում ենք պարտքային բեռը 54 տոկոս է, մյուս տարի դառնալու է ՀՆԱ-ի 57 տոկոսը: Եթե չենք կարողանում պարտքը ավելացնել, ծախսն էլ կրճատելու տեղ չկա, ուրեմն պետք է հարկային եկամուտների ուղղությամբ աշխատենք, վարչարարությունը լավացնենք, օրենսդրությունը բարելավենք»,-ավելացրեց Համաշխարհային բանկի մասնագետը:

Նրա խոսքով, որ դիվիդենտները պետք է հարկվեն, դա նորմալ է, Հայաստանի համար անհրաժեշտ փոփոխություն է: Ըստ մասնագետի` Վրաստանում դա նույնպես կա, մի քանի տարի գործում է, և դա չի խոչընդոտում, որ նեդրողը գնա Վրաստան: Հայաստանում այլ ֆունդամենտալ հարցեր կան, որ նեդրողին կարող են վանել, ասենք, մրցակցային դաշտը, անհավասար պայմանները։

Share