Բաժին. Ֆինանսական

Հաջորդ տարի Ադրբեջանը կանցնի մանաթի լողացող փոխարժեքի

Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովի հաղորդմամբ` ներկայումս աշխատանքներ են տարվում ազգային արժույթի ամբողջովին լողացող փոխարժեքի անցնելու ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական contact.az-ը:

Էլմար Ռուստամովի հաղորդմամբ` Ազգային արժույթի` մանաթի, ամբողջովին լողացող փոխարժեքի հարցը պահանջում է միկրոտնտեսական եւ կառուցվածքային խնդիրների լուրջ համակարգում եւ լուծում:

«Մենք տարեսկզբից անցել ենք լողացող փոխարժեքի քաղաքականությանը, իսկ փետրվարից սկսած կենտրոնական բանկը աճուրդների ժամանակ սկսել է չառաջարկել իր գումարները, սակայն շուկայում պահանջարկը շարունակում է   չհամապատասխանել առաջարկին»,- ասել է կենտրոնական բանկի նախագահը:

Սեւ շուկայի վերաբերյալ Էլմար Ռուստամովը հայտնել է, որ մոտ ժամանակներում կենտրոնական բանկը, ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը եւ իրավապահ մարմինները սկսելու են լուրջ վերահսկողություն սահմանել սեւ շուկայի վրա:

Դեկտեմբերի 12-ի դրությամբ Ադրբեջանի սեւ շուկայում 1 դոլարի առքը կազմել է 1,83 մանաթ, իսկ վաճառքը` 1,8450 մանաթ:

Ադրբեջանում դեկտեմբերի 12-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 17,430 մանաթ:

Նախորդ մեկ ամսվա կտրվածքով Ադրբեջանի սեւ շուկայում դոլար-մանաթ փոխարժեքը երկրում գործող պաշտոնական փոխարժեքի համեմատ ունեցել է 5-6 տոկոսի տարբերություն:

Ադրբեջանի փորձագիտական շրջանակների կանխատեսումների համաձայն` Ադրբեջանում դոլարային իրարանցումը մինչեւ տարեվերջ կշարունակվի:

Share