Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյան. կարքի լինելու դեպքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին կնվազեցվի

Գործադիրը հավանություն է տվել «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակը բանկային, ապահովագրական համակարգերի կարգավորման և վերահսկողության դաշտի համապատասխանեցումն է միջազգային պահանջներին: Մասնավորապես, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է Պարտավորության և եկամտի հարաբերակցության (DTI) և Պահանջի և գրավի (LTV) հարաբերակցության առավելագույն չափերի սահմանում: «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է «Համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերություն» հասկացության սահմանում և վերջիններիս նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման հնարավորություն, ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության սահմանման փոփոխություն, ներքին աուդիտի, արտաքին աուդիտի և պատասխանատու ակտուարի պաշտպանության մեխանիզմների ներդնում, կյանքի ապահովագրության պորտֆելի փոխանցման դեպքում ապահովադիրների առարկությունների ներկայացման ընթացակարգի ներդնում և այլն: Նախատեսվում է նաև ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ լրացուցիչ պահանջների սահմանման հնարավորություն. սպառողների շահերի առավելագույն պաշտպանվածության, ինչպես նաև ապահովագրական խարդախությունների կանխարգելման նպատակով ԿԲ-ին իրավասություն է տրվել սահմանել ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև ապահովագրական միջնորդների և նրանց գործունեության նկատմամբ:

Կարեն Կարապետյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է, թե արդյոք անընդհատ նվազեցնելու են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ի պատասխան ԿԲ նախագահը նշել է, որ եթե դրա կարիքը լինի՝ կնվազեցնեն: Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25 տոկոս:

Share