Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակությանը

Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունեց Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկեցին ներկա համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում ՀՀ ֆինանսների նախարարը շեշտեց, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից նախագծվող և իրականացվող ծրագրերը բավականաչափ առանձնահատուկ են, և որ բանկը կարողանում է իրականացնել էապես տարբերվող արդյունավետ քաղաքականություն: Վարդան Արամյանը նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որը թույլ կտա գաղափարները վերածել նախագծերի` առաջիկայում ցանկալի արդյունքներ արձանագրելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի կողմից իրականացվում են մասնավոր հատվածի վարկավորման միջոցով ներդրումային ծրագրեր` ՀՀ ֆինանսների նախարարը հղում կատարեց 2016թ. հոկտեմբերին Նյու-Յորքում կայացած ներդրումային ֆորումին: Նախարարը նշեց, որ ներկայումս ներդրումների ներգրավման մեծ պոտենցիալ ունեն հեռահաղորդակցման, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներ: Միաժամանակ ներդրումների ներգրավման տեսանկյունից արդյունավետ համագործակցության ծրագրեր կարող են իրականացվել ազատ տնտեսական գոտիներում:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակության ղեկավարը նշեց, որ մասնավոր հատվածի վարկավորման հիմնահարցերին է ուղղված մարտի 7-ին կայանալիք ֆորումը, որի շրջանակներում կներկայացվեն բանկի կողմից Հայաստանում իրականացվելիք ռազմավարությունն ու բանկի կողմից առաջարկվող հիմնական պրոդուկտները:

Բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասը հույս հայտնեց, որ երկուսեք փոխշահավետ համագործակցության ընդլայնումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի տնտեսությունը արդյունավետ ներդրումային ծրագրերի միջոցով:

«Մեզ համար շատ հաճելի է հանդիպել ֆինանսների նախարարին և քննարկել վաղը կայանալիք բիզնես ֆորումի հետ կապված հարցերը: Բիզնես միջավայրի գրեթե հինգ տասնյակ ներկայացուցիչներ մասնակցելու են միջոցառմանը, այնուհետև լինելու են երկկողմ հանդիպումներ:

Մենք հետաքրքրված ենք Հայաստանի բիզնես միջավայրին առնչվող նախագծերի մշակմամբ ու իրագործմամբ` ակնկալելով շարունակական համագործակցություն»,- նշեց Ցոկասը:

Share