Բաժին. Ֆինանսական

Մեր երկրի համախառն պետական պարտքը կազմում է շուրջ $6 մլրդ

Ընթացիկ տարվա մարտ ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 5 մլրդ  996 մլն 169 հազար ԱՄՆ դոլար:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նշված գումարից 4 մլրդ 827 մլն 517 հազար ԱՄՆ դոլարը կազմել է արտաքին պարտքը, իսկ 1 մլրդ 168 մլն 652 հազար ԱՄՆ դոլարը՝ ներքին պարտքը:

Տարեսկզբի համեմատ մեր երկրի համախառն պետական պարտքն աճել է, ընդ որում՝ աճել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել էր 5 մլրդ 942 մլն 95 հազար ԱՄՆ դոլար:

Արտաքին պարտքը միջազգային կազմակերպությունների և գործընկեր-երկրների վարկային ծրագրերի շրջանակում Հայաստանի կառավարության և Կենտրոնական Բանկի կուտակած պարտքն է, իսկ ներքին պարտքը՝ ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերը, ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը, ներքին երաշխիքները:

Նշենք նաև, որ 2015 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել էր 5 մլրդ 78 մլն 797 հազար ԱՄՆ դոլար, 2014 թվականի վերջի դրությամբ՝ 4 մլրդ 441 մլն 796 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականի վերջի դրությամբ՝ 4 մլրդ 588 մլն 467  հազար ԱՄՆ դոլար:

Share