Բաժին. Ֆինանսական

Կոնստանտին Սարոյան. ԵՖԲՖ գլխամասային գրասենյակը Երևան բերելով կբարձրանա Հայաստանի հեղինակությունը

Եվրոպական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասային գրասենյակի Երևան տեղափոխելը հնարավոր դարձավ ՀՀ ԿԲ նախագահի, փոխվարչապետի, ինչպես նաև արտգործնախարարության ջանքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, ով նաև ընտրվել էր ԵՖԲՖ-ի գլխավոր քարտուղար: Նա հույս հայտնեց, որ ֆեդերացիան Հայաստան տեղափոխելով կկարողանան նպաստել դրա զարգացմանը և աճին:

«Ֆեդերացիայի նպատակն է տեղեկատվության փոխանակումն անադամների միջև ինչպես նաև փոխադարձ ուսումնական ծրագրեր, նաև որոշակի չափով մարքեթինգային գործողություններ, որոնք ուղղված են Հայաստանի հեղինակությունը բարձրացնելուն: Նմանատիպ կառույցներ Հայաստանում չկան: Սա իրոք պատմական իրադարձություն է, քանի որ սրանով բարձրացնում ենք Հայաստանի հեղինակությունն աշխարհում: Շատ երկրների բորսաների ղեկավարները կամ անդամները տեղեկացված կլինեն մեր երկրի վերաբերյալ»,- ասաց Սարոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ կստեղծվեն աշխատատեղեր, սակայն այս կառույցը չի կարող հարյուրավոր կամ հազարավոր աշխատատեղեր ստեղծել: Լինելու է գրասենյակ, որտեղ գլխավոր քարտուղարից բացի, պետք է լինի փոխքարտուղար, ինչպես նաև վերլուծաբանների թիմ:

Share