Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Կոնվերս Բանկի ԱՄՆ Դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցարկվել են բորսայում

2017թ.-ի մայիսի 26-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի նշված թողարկումը ներառում է 60,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMCOVSB22ER9) բորսայում կշրջանառվեն COVSB2 բորսայական հապավմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:  

———————–

«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.` որպես «Հյուսիս – հայկական»  փայատիրական բանկ: 1994 թ. բանկը վերանվանվել է «Կոնվերս բանկ» փայատիրական բանկի, իսկ 1997 թ. բանկը վերակազմավորվել է որպես «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության: Կոնվերս Բանկը 2008թ.-ի դեկտեմբերի 29-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Բանկը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր և կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.conversebank.am:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան  «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.nasdaqomx.am:

Share