Բաժին. Ֆինանսական

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ակտիվ մասնակից է շուրջ 170 հազար մարդ

2016 թվականի վերջի դրությամբ մեր երկրում  պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գործունեություն իրականացնելու լիցենզիա են ունեցել 2 ներդրումային ֆոնդի կառավարիչներ՝ «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՓԲԸ-ն և «Ցե Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն: Այս ընկերություններից յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, և հաշվետու տարվա վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմել է 63.2 մլրդ դրամ, զուտ ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 1.24%:

Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկից՝ 2016 թվականի տարեվերջին կենսաթոշակային ֆոնդերի ակտիվ մասնակիցների թիվը կազմել է շուրջ 170 հազ. մարդ:

Հաշվետու տարվա ընթացքում ֆոնդերի ներդրումների կառուցվածքում 3 տոկոսային կետով ավելացել են ոչ պետական պարտատոմսերում ներդրումները և կազմել ընդհանուր ակտիվների 7%-ը` ինչը վկայում է ակտիվների կառավարիչների կողմից ՀՀ ոչ պետական պարտատոմսերի շուկայում ակտիվացման մասին:

Միևնույն ժամանակ, դրամական միջոցներում ու ավանդներում ներդրումներն ավելացել են 4 տոկոսային կետով և կազմել ընդհանուր ակտիվների 27%-ը:

Նույն ժամանակահատվածում կրճատվել է պետական պարտատոմսերի տեսակարար կշիռը 4 տոկոսային կետով, օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերում ներդրումները` 3 տոկոսային կետով:

Ֆոնդերի արտարժութային ակտիվների տեսակարար կշիռը տարեվերջին կազմել է 33.9% կամ 21.4 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը կամ 17.4 մլրդ դրամը կազմում են օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերը:

Ֆոնդերի եկամտաբերությունը 2016 թվականին կազմել է 13.8% (2015 թվականին՝ 5.3%):

2014 թվականի սկզբից կուտակային եկամտաբերությունը երեք տարվա համար կազմել է 25.9% (1 փայի գինը ստեղծման պահի 1000 դրամից աճել է 259 դրամով՝ 2016 թվականի վերջի դրությամբ կազմելով 1259 դրամ):

Ֆոնդերի ակտիվների 39%-ը կամ 24.7 մլրդ դրամը կազմում են ՀՀ պետական պարտատոմսերում ներդրումները: ՀՀ պետական եվրոբոնդերում ներդրումները կազմում են 385 մլն դրամ:

Ֆոնդերի ներդրում հանդիսացող պետական պարտատոմսերի միջին կշռված ժամկետայնությունը 6.5 տարի է, միջին կշռված եկամտաբերությունը (մինչև մարում)՝ 11.0%:

Share