Բաժին. Ֆինանսական

ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուների թիվը 380 է

Ընդլայնվել է էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուների շրջանակը: 2016 թվականին նրանց թիվը կազմում էր շուրջ 130 պատվիրատու, իսկ 2017 թվականին` շուրջ 380: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

«Ընդ որում, սրանք այն պատվիրատուներն են, ովքեր համեմատաբար խոշոր գնումներ են իրականացնում: Համակարգի զարգացման հնարավորություններին զուգահեռ, սկսում ենք աշխատանքներ տանել նաև  էլեկտրոնային գնումների համակարգից օգտվող պատվիրատուների թվի մեծացման ուղղությամբ: Կարծում ենք, որ մինչև տարեվերջ մեզ մոտ համակարգից օգտվողների շրջանակն էլ ավելի կմեծանա` կսկսենք համակարգում ընդգրկել նաև գյուղական համայնքները, նրանց ենթակայության տակ գործող առևտրային ընկերությունները և պետական ոչ առևտրային կազմակերպությունները»,- ասաց Շահնազարյանը` հավելելով, որ 2017 թվականից համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերով գնումները ևս իրականացվում են էլեկտրոնային գնումների համակարգով: Նրա խոսքով` այն ևս էական ձեռքբերում է:

Շահնազարյանը նաև տեղեկացրեց, որ ներկայումս բանակցություններ են վարվում այլ դոնոր կազմակերպությունների հետ իրենց կողմից ֆինանսավորվող գործընթացները ևս գնումների էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար:

Share