Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական Բանկ. Արթուր Ջավադյանն ընդունել է ԱՄՀ և ՀԲ Բելգիայի և Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցներին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԱՄՀ և ՀԲ Բելգիայի և Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցներին:

Ողջունելով հյուրերին, ԿԲ նախագահը նշել է, որ ուրախ է այս տարի հյուրընկալելու հանդիպման մասնակիցներին և հատուկ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի ազգային բանկի նախագահ Բորիս Վույչիչին՝ տարեկան հանդիպման անցկացման վայրը Հայաստան տեղափոխելուն աջակցելու համար:

Արթուր Ջավադյանը նշել է, որ արդեն 25 տարի Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն գործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ: Նա շեշտել է, որ այս տարիների ընթացքում այդ կազմակերպությունները նշանակալի դեր են խաղացել մեր տնտեսության զարգացման համար՝ աջակցելով և հանրային, և մասնավոր հատվածներին, ինչպես նաև բարձր գնահատել իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ և ՀԲ ցուցաբերած աջակցությունը:

ԿԲ նախագահը նշել է, որ ԱՄՀ և ՀԲ ենթախմբերի երկրների տարեկան հանդիպումները եղել և մնում են ընթացիկ նախագծերի քննարկման և նոր գաղափարների փոխանակման լավագույն հարթակներից մեկը:

Միջոցառման շրջանակում նախատեսվում են աշխատանքային քննարկումներ ընթացիկ տնտեսական հարցերի շուրջ:

Ավելի վաղ նիստի մասնակիցները հյուրընկալվել էին ՀՀ Նախագահի նստավայրում:

Share