Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. ամփոփվել է «Իմ Ֆինանսների Ամիս 2017» ծրագիրը

Հունիսի 16-ին տեղի ունեցավ «Իմ  Ֆինանսների  Ամիս 2017» ծրագրի արդյունքների ամփոփումը: Արդեն 4-րդ տարին է, որ Հայաստանում  անցկացվում  է  «Իմ  Ֆինանսների  Ամիս» լայնածավալ  միջոցառումների  ծրագիրը, որը ՀՀ Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մի մասն է: Ծրագրի նպատակը  հանրության  շրջանում անձնական  ֆինանսների  կառավարման  հարցի  կարևորումն  է: Ծրագիրը անցկացվել է ապրիլի 19-ից մայիսի 26-ը:

Ծրագրի միջոցառումները ուղղված են եղել ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացմանը, օրինակ՝ ինչպես արդյունավետ պլանավորել եկամուտներն ու ծախսերը, կատարել արդյունավետ խնայողություններ, խուսափել գերպարտքից, պաշտպանել իրավունքները ֆինանսական աշխարհում, զերծ մնալ ֆինանսական զեղծարարություններից և այլն:

Ծրագրի ընթացքում հանրության համար ֆինանսական շուկայի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են ուսուցողական և տեղեկատվական ինչպես ավանդական, այնպես էլ նոր միջոցառումներ:  

ՀՀ ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները և նրանց արդյունքները: Ընդհանուր ծրագրին մասնակցել է շուրջ 9837 մասնակից: Հատկապես հատկանշական է, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը նախորդ տարիների համեմատ կրկնակի աճել է. օրինակ՝ «Ֆինանսական շրջագայություն» միջոցառմանը մասնակցել են 407 երիտասարդներ, 507 քաղաքացիներ Երևանում և Դիլիջանում մասնակցել են ֆինանսական ոլորտի փորձագետների կողմից անցկացվող ֆինանսական տարբեր թեմաներով բաց սեմինարներին: Իրականացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջհամալսարանական ինտելեկտուալ առաջնություն, որին մասնակցել են շուրջ 110 մասնակից տարբեր համալսարաններից, ինչպես նաև բանավեճերի միջհամալսարանական մրցաշար, որին մասնակցել են 135 ուսանողներ տարբեր համալսարաններից:  Անցկացվել է Ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթ, որին մասնակցել են 120 աշակերտներ ՀՀ մարզերից և Երևանի դպրոցներից:

Մարզերում և Երևանում այս տարի անցկացվել են մի շարք նոր միջոցառումներ, որոնցից են  Խնայողությունների խաղ միջհամալսարանական առաջնությունը. այս առաջնությանը մասնակցել են շուրջ 131 ուսանողներ: Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գրանսենյակներում բաց դռների օրվան մասնակցել են 55, Ֆինանսական այլ կերպ խաղին՝ 95, Ակումբային քննարկումներ հակասրճարանային միջավայրում՝ 59 մասնակիցներ, և այլն: Հայտարարված մրցույթներին ներկայացվել են մոտ 158 աշխատանքներ: Ֆինանսներ բոլորի համար (www.abcfinance.am) կայքի հետևորդների թիվն ավելացել է 5535-ով: 

Ծրագրի գործընկերներն են ՀՀ Կրթության և գիտության նախարարություն Ֆինանսական  համակարգի  հաշտարարի  գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը, Երևանի Քաղաքապետարանը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, Հայաստանի պատանեկան նվաճումները, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը, Եվրոպական երիտասարդական պառլամենտը, մի շարք առևտրային բանկեր (Ինեկոբանկ, Հայբիզնեսբանկ, Հայէկոնոմբանկ, Պրոմեթեյ բանկ, Կոնվերս բանկ), վարկային կազմակերպություններ (Ագբա Լիզինգ, Ազգային հիփոթեքային ընկերություն, ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ, Գլոբալ Կրեդիտ, Կամուրջ ՈՒՎԿ ), ապահովագրական ընկերություններ (Նաիրի Ինշուրանս, Ռոսգոսստրախ-Արմենիա, Ինգո Արմենիա), Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ (Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ):

Share