Բաժին. Ֆինանսական

Գործարվել է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի թարմացված տարբերակը

Հայաստանի ֆինանսների նախարարության նոր պաշտոնական կայքի գործարկումն ուղղված է հասարակության վստահության ամրապնդմանը և հասարակություն-գերատեսչություն համագործակցության արդյունավետության ապահովմանը: Հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարության նոր կայքի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Նոր պաշտոնական կայքը ժամանակակից մոտեցումներով պատրաստված արագագործ և ծավալուն կայք է` ընդլայնման և խորացման հնարավորությամբ: Այն նաև հնարավորություն է տալիս տարանջատել տեղեկատվության տեսակները և առանձնահատկությունները` միևնույն ժամանակ պահպանելով ընդհանուր տրամաբանությունն ու մոտեցումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Նոր կայքի կարևոր նորամուծություններից մեկն է «Վեբինար» հարթակը, որի միջոցով հնարավոր է կազմակերպել առավել կարևոր և արդիական թեմաների օպերատիվ արձագանքումը և լուսաբանումը, ինչպես նաև մասնագիտական, լրատվական, հանրային քննարկումները:

Կայքի ստեղծման ժամանակ շեշտադրում է կատարվել տեղեկատվության հասանելիության սկզբունքի վրա: Կատարվել են ուսումնասիրություններ, հարցումներ, որոնց հիման վրա, հաշվի առնելով հանրության շրջանում առկա պահանջները, իրականացվել է տեղեկատվության խմբավորում`  ըստ առաջնահերթությունների: Արդյունքում կայքը դարձել է պարզ և մատչելի, պահպանվել է ժամանակակից աշխարհում ընդունված 3 քլիքի սկզբունքը: Վերջինս ենթադրում է, որ այցելուն, մուտք գործելով կայք, կարող է գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը առավելագույնը երեք քլիքի օգնությամբ:

Share