Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյանն ընդունել է ԱԶԲ կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ՛Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ՛Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Շոն Օ՛Սուլիվանը ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԶԲ միջև արդյունավետ համագործակցության և դրա հետագա շարունակականության կարևորությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նույնպես կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ ԱԶԲ-ն Հայաստանի համար առանցքային գործընկերներից է և նշանակալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացներում:

ԱԶԲ-ի կողմից նշվել է, որ բացի Հայաստանի հետ ընթացիկ ծրագրերից ԱԶԲ-ն  հետաքրքրված է առաջիկա տարիներին համագործակցություն սկսելու նաև կրթության և առողջապահության ոլորտներում և առաջիկայում պատրաստ են քննարկումներ սկսել կոնկրետ առաջարկների շուրջ:

Նախարար Արամյանը տեղեկացրել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում մեծ ուշադրություն է դարձվում աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը և հավելել, որ այդ առումով կարևորվում է նաև միջազգային գործընկերների աջակցությամբ մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը:  Նշվել է, որ ԱԶԲ-ի կողմից համապատասխան հետաքրքրվածության դեպքում հայկական կողմը պատրաստակամ է համագործակցել:

Share