Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի պարտատոմսերը տեղաբաշխվել են բորսայում

2017թ.հունիսի  27-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (BSTBB1) տեղաբաշխումը:

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 8.455% արժեկտրոնի տոկոսադրույքով, 3 տարի շրջանառության ժամկետով 200,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝ 2,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։

Պարտատոմսերի (ISIN – AMBSTBB21ER4) համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,691,574,896.50 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Բանկը ներգրավել է 2,005,573,856.5 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել 10,000.13 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 8.4545%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.3481%: Տեղաբաշխման այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Նորություններ» բաժնում:

———————

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության տասնմեկ անդամ երկրների կողմից: ՍԱԶԲ հիմնադիրներն են Ալբանիան, Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան: ՍԱԶԲ-ը գործունեություն է ծավալում 1999 թ.-ից: Բանկը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը` անդամ երկրներում իրականացնելով առևտրի և նախագծերի ֆինանսավորում,  երաշխիքների տրամադրում, ինչպես նաև ներդրումներ կատարելով մասնավոր ձեռնարկություններում և պետական նախագծերում:  ՍԱԶԲ-ը ստացել է «A-» վարկանիշ «Ստանդարդ ընդ Փուրս» և «A2» վարկանիշ  «Մուդիս» գործակալության կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.bstdb.org:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան  «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ընկերության պաշտոնական կայք՝ www.nasdaqomx.am:

Share