Բաժին. Ֆինանսական

Ազգային Ժողով. շարունակվում է Բյուջե 2016-ի հաշվետվությունների ներկայացումը

Հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու մարդու իրավունքների պաշտպանության եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եկամուտների ու ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները: Պարոն Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի համար հաշվետու տարում նախատեսվել էր հատկացնել շուրջ 4.7 մլրդ դրամ, արձանագրվել է 90.72 տոկոս կատարողական, իրականացվել է 11 ծրագիր բյուջետային դասարակարգման 4 բաժիններում: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման համար հաշվետու տարում նախատեսվել էր 4.8 մլրդ դրամ ճշտված ծրագրով, ԱԺ աշխատակազմը պատասխանատու է եղել 7 ծրագրի իրականացման համար, կատարողականը կազմել է 99.7 տոկոս: ՀՀ կառավարության աշխատակազմը հաշվետու տարում իրականացրել է 35 ծրագիր, պահուստային ֆոնդից եւս հատկացումներ են արվել: Կառավարության աշխատակազմի 100 տոկոսից բարձր կատարողականը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային, վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի կատարմամբ: ՀՀ Սահմանադրական դատարանի համար հաշվետու տարում նախատեսվել էր հատկացնել 595.5 մլն դրամ, կատարողականը կազմել է 98.31 տոկոս: ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացված շուրջ 14.3 մլրդ դրամի կատարողականը կազմել է 96.4 տոկոս: Իրականացվել է 25 ծրագիր, պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ են հատկացվել: Նշենք, որ այս համակարգում գերակշռում են քրեակատարողական համակարգի պահպանման ծախսերը: ԴԱՀԿ ծառայության պահպանման ծախսերի համար օգտագործվել է 1.3 մլրդ դրամ: Գլխավոր դատախազությանը 2016-ին հատկացվել է 4 մլրդ դրամ, որն օգտագործվել է 99.7 տոկոսով: Քննչական կոմիտեի կատարողականը կազմել է 96.5 տոկոս կամ օգտագործվել է 5.8 մլրդ դրամ: Հատուկ քննչական ծառայության ծախսերը կազմել են 645.6 մլն դրամ. կատարողականը կազմել է 98.4 տոկոս: Վերահսկիչ պալատին հաշվետու տարում հատկացվել է 977 մլն դրամ, կատարողականը կազմել է 97.6 տոկոս: Դատական դեպարտամենտի պահպանության համար 2016 թվականի բյուջեով նախատեսված 8.6 մլրդ դրամի դիմաց արձանագրվել է 97.4 կատարողական: Քաղաքացիական ծառայության խորհրդին հատկացվել է 429 մլն դրամ, կատարողականը՝ 90 տոկոս: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել է 1.7 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.7 տոկոս: ՄԻՊ աշխատակազմին հատկացվել է 261 մլն դրամ՝ ապահովելով ծրագրային ցուցանիշի 98.43 տոկոս կատարողական:

Հիմնական միջոցներն օգտագործվել են ծառայությունների պահպանման ծախսերի համար:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, անդրադառնալով ոչ ֆինանսական ցուցանիշներին, նշել է, որ հաշվետու տարում ՀՀ Նախագահի աշխատակազմի ընդհանուր ծախսերը նվազել են մոտավորապես 5 տոկոսով: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ տնտեսվել եւ պետական բյուջե է վերադարձվել 439 մլն դրամ: Արմեն Գեւորգյանն առաջնահերթ է համարել Նախագահի աշխատակազմի ստորաբաժանումների, պաշտոնատար անձանց մասնակցությունն օրենքների նախագծերի, միջազգային պայմանագրերի մշակման գործում եւ այլն: Նշվել է, որ 2015 թվականին ՀՀ Նախագահի ստորագրմանն է ներկայացվել 264 օրենք, 149 միջազգային պայմանագիր, նախապատրաստվել եւ ներկայացվել է 1265 հրամանագիր, 276 կարգադրություն եւ այլ փաստաթղթեր: Նշվել է նաեւ, որ մեծածավալ եւ պատասխանատու աշխատանք են պահանջում ՀՀ Նախագահի այցերի, արտերկրից ժամանող նախագահների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նախապատրաստումը եւ անցկացումը: 2016-ին ՀՀ Նախագահը կատարել է 18 պետական, պաշտոնական եւ աշխատանքային այց արտերկրներ, ինչպես նաեւ հյուրընկալել Չեխիայի եւ Իրանի նախագահներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ՀԱՊԿ մասնակից պետությունների ղեկավարներին եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց: ՀՀ այցելած օտարերկրյա այլ նախարարների, պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների հետ ունեցել է ավելի քան 90 հանդիպում, ընդունել Հայաստանում հավատարմագրված 50 օտարերկրյա դեսպանների: ՀՀ Նախագահը 40 հանդիպում է ունեցել Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ հաստատված բյուջեն 5 հիմնական ծրագրերի գծով կազմել է 4 մլրդ 788 մլն 473 հազար դրամ, փաստացի ծախսերը կազմել են 4 մլրդ 766 մլն 932 հազար դրամ՝ ապահովելով 99.7 տոկոս կատարողական: Պետական բյուջե է վերադարձվել 22 միլիոն 500 հազար դրամ: Պարոն Սաղաթելյանը նշել է, որ «ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման ծախսեր» ծրագրով օգտագործվել է 4 մլրդ 489 մլն 983 հզր դրամ, որից 3 մլրդ 325 միլիոն դրամը տրամադրվել է աշխատավարձի վարձատրությանը: 1 մլրդ 164 մլն դրամ հատկացվել է մնացած ծառայություններին` կոմունալ ծառայություններ, գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր եւ այլն: «Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» ծրագրով 152.5 մլն դրամ է ծախսվել: Հաշվետու տարում վարչական օբյեկտների հիմնանորոգման ծրագրի համար հատկացվել է 82 մլն դրամ, «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի համար հատկացվել է 41 մլն դրամ, իսկ ԱԺ աշխատակիցների վերապատրաստման համար՝ 240 հազար դրամ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ իրականացվել են վերանորոգման եւ համակարգերի թարմացման աշխատանքներ: 9 միջազգային կազմակերպությունների աշխատանքներին ապահովվել է հայկական պատվիրակությունների մասնակցությունը: Պարոն Սաղաթելյանի խոսքով՝ ԱԺ-ն հաշվետու տարում ունեցել է ֆինանսական որոշակի խնդիրներ, որոնց լուծման համար 181 մլն դրամի չափով կատարվել են ներքին վերաբաշխումներ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի տեղեկացմամբ՝ ՀՀ օրենսդիր մարմինը գումարել է 2 հերթական նստաշրջան, 4 արտահերթ նստաշրջան եւ 8 արտահերթ նիստ, կազմակերպվել են 12 խորհրդարանական լսումներ, 12 ճեպազրույցներ, ընդունվել են 278 օրենք, որոնցից 19-ը մայր օրենքներ են եւ 272 որոշում, վավերացվել է 59 միջազգային պայմանագիր: ԱԺ գործունեությունն հասանելի դարձնելու նպատակով ԱԺ հանրային կապերի վարչությունն ԱԺ աշխատանքի թափանցիկության եւ հանրությանը հաշվետվողականության շրջանակում ամբողջությամբ լուսաբանել է Ազգային ժողովի եւ պատգամավորների գործունեությունը. արտադրվել եւ հեռարձակվել է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի 36 թողարկում, նստաշրջանների աշխատանքի վերաբերյալ պատրաստվել եւ հրապարակվել է 781 տեղեկատվական նյութ: Պատրաստվել եւ թողարկվել է 159 տեղեկատվական նյութ ԱԺ նախագահի, փոխնախագահների պաշտոնական եւ աշխատանքային հանդիպումների, այցելությունների վերաբերյալ: ԱԺ կայքէջը հաշվետու տարում 674.000 օգտատեր է ունեցել:

Պարոն Սաղաթելյանը տեղեկատվություն է ներկայացրել նաեւ խորհրդարանների նախագահների՝ մեր երկիր կատարած այցերի, միջխորհրդարանական կազմակերպությունների աշխատանքներին ՀՀ ԱԺ պատվիրակությունների մասնակցության, խորհրդարանական ոլորտային հանձնաժողովների նիստերի կազմակերպման վերաբերյալ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն իր ելույթում անդրադարձել է կառավարության ստորաբաժանումներին, որոնց միջոցով իրականացվում է կառավարության գործունեությունը, ինչպես նաեւ նշել է այն հիմնական ուղղությունները, որոնց հատկացվել են ֆինանսական միջոցները: Վահե Ստեփանյանի խոսքով? 2015թ. համեմատ հաշվետու տարում նկատվել է թղթաշրջանառության աճ, որի նվացեցման ուղղությամբ էլեկտրոնային թվայնացման անցնելու նպատակով իրականացվում են աշխատանքներ: Նշվել է, որ 2016թ. ընդունվել է կառավարության 1399 որոշում, վարչապետի՝ 1270 որոշում: Կառավարության աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ կառավարության կողմից իրականացվել է 22 ծրագիր, որոնք կատարվել են գրեթե ամբողջությամբ:

Ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին զեկույցով անդրադարձել են նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ Վերահսկիչ պալատի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Share