Բաժին. Ֆինանսական

Fitch Ratings. Հայաստանի վարկանիշը հաստատվել է B+ մակարդակում՝ 18 ամսվա ընթացքում կայուն կանխատեսմամբ

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի` արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ վարկանիշերը «В+» մակարդակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով է Fitch գործակալության հրապարակումը, վարկանիշային կանխատեսումը մնացել է անփոփոխ`«Կայուն»:

Fitch ընկերության ԱՊՀ եւ Սեւծովյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովը հուլիսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ կրեդիտային վարկանիշն օգնում է գրավել ֆինանսավորում:

«Կրեդիտային վարկանիշը ճանաչված է միջազգային ներդրողների կողմից: Հայաստանը գրավիչ է եվրոբոնդերի ֆինանսավորման առումով: Վարկանիշը հարկավոր է պահպանել, քանի որ այն ինդիկատոր է ներդրողների համար: Վարկանիշը կայուն կանխատեսում է, ինչը նշանակում է կայունություն 18 ամսվա հեռանկարում»,- ասաց Սուրկովը:

Գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժութային գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշերը «B+» մակարդակում։ Երկրների թվում շեմի վարկանիշը հաստատվել է «BB-» մակարդակում, իսկ կարճաժամկետ ԷԴՎ–ն՝ ազգային արժույթով և արտարժույթով` «B» մակարդակում:

Հայաստանի վարկանիշը պայմանավորված է բնակչության շնչին բաժին ընկած բարձր եկամտով և համեմատաբար համադրելի էմիտենտների կառավարման ցուցանիշներով, վճարային հաշվեկշռի բացասական սալդոյի նվազմամբ, հուսալի դրամային քաղաքականությամբ և պետական պարտքի բարենպաստ կառուցվածքով։

Ըստ գործակալության, վարկանիշերը զսպվում են զուտ արտաքին բարձր պարտքի, պետբյուջեի պակասուրդի բարձր մակարդակի պատճառով, որը հանգեցնում է պետական պարտքի բեռան աճի, արտաքին ցնցումների հակվածության, դոլարայնացված բանկային հատվածի և հարևան որոշ երկրների հետ լարված հարաբերությունների։

Fitch-ը վերանայել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2017 թվականին մինչև 3.4 տոկոս` պետծախսերի ավելացման և արտահանման` սպասվածից ավելի արագ աճի շնորհիվ։

Share