Բաժին. Ֆինանսական

Ազգային Ժողովը հաստատեց 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Ազգային ժողովը հաստատեց ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ 2016թ, պետական բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 53, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ «Ելք» դաշինքը դեմ է բյուջեի կատարման հաշվետվությանը, սակայն առաջարկեց, որպեսզի ընդդիմությունը չմասնակցի քվեարկությանը, քանի որ խորհրդարանական մեծամասնության ձայները բավարար չեն հաշվետվությունը հաստատելու համար: «Մենք առաջարկում ենք, որ ընդդիմադիր ուժերը քվեարկությանը չմասնակցեն, որովհետև մեծամասնության պատգամավորների ձայներն այս պահին բավարար չեն»,- ասաց Փաշինյանը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա ընդգծեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է բյուջեի կատարման հաշվետվությանը, իր դիրքորոշումն արտահայտել է, և քվեարկությանը չմասնակցելու հիմքեր իրենք չեն տեսնում:

Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր, որ քվեարկությանը մասնակցեր պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Share