Բաժին. Ֆինանսական

Տաշիր Կապիտալը մտադիր է գրավադրել ՀԷՑ-ի 69.9%

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն և խնդրել  է տալ համաձայնություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)  վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի հավելվածով կհաստատվի ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը և կհանձնարարվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը:

Համաձայնության ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով կբացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:

Share