Բաժին. Ֆինանսական

HSBC-ն ճանաչվել է «Աշխարհի լավագույն բանկ» Euromoney ամսագրի կողմից

HSBC-ն արժանացել է Euromoney ամսագրի «Աշխարհի լավագույն բանկ» 2017թ. գերազանցության մրցանակին, որը ֆինանսական ծառայությունների ոլորտում ամենապատվավոր մրցանակներից է:

Euromoney մրցանակները շնորհվում են` հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝ ծառայությունների մակարդակը, ֆինանսական գործունեությունը և բանկային ոլորտում գրանցված այլ ձեռքբերումները: Այս տարի կազմակերպիչները ստացել են մոտ 1,500 դիմում աշխարհի տարբեր բանկերի կողմից, որոնք մրցակցեցին համաշխարհային, տարածաշրջանային և ազգային անվանակարգերում մրցանակներին արժանանալու համար:

«Աշխարհում լավագույն բանկ» մրցանակը հանձնվեց HSBC-ի Խմբի գլխավոր գործադիր տնօրենին՝ Ստյուարտ Գուլիվերին, ով նշեց. «Այս մրցանակը հրաշալի կերպով վկայում է HSBC-ի՝ վերջին տարիների ձեռքբերումների մասին: Մրցանակն արտացոլում է մարտահրավերներն ու փոփոխությունները, որոնք մենք հաղթահարել ենք և այն լայնածավալ աշխատանքը, որը պահանջվեց HSBC-ն վերածելու այնպիսի առաջատար բանկի, ինչպիսին է այն այսօր: Մեր գործադրած ջանքերն այժմ տալիս են իրենց արդյունքները»:

Euromoney ամսագրի ներկայացուցիչն իր հերթին նշեց. «HSBC-ն այժմ առավել լավ դիրքերում է, քան երբևէ՝ օգուտներ քաղելու արտասահմանյան կապիտալի և առևտրային հոսքերի ֆինանսավորման առանցքային արժեք ներկայացնող իր առաջարկներից: HSBC-ն բացառիկ միջազգային բիզնես է, որը կարող է շարունակել ներդրումների դիմաց նպաստավոր վերադարձ ապահովել բաժնետերերի համար և օգնել իր հաճախորդներին իրագործելու իրենց նպատակները միջազգային շուկաներում»:

HSBC-ն արժանացել է նաև «Զարգացող շուկաներում աշխարհի լավագույն ներդրումային բանկ» կոչմանը, ինչպես նաև՝ ինը տարածաշրջանային և ազգային այլ մրցանակների:

HSBC-ի գլոբալ բանկային ծառայությունների և շուկաների գծով գլխավոր գործադիր տնօրենը՝ Սամիր Ասաֆը, նշում է. «Այս մրցանակն արտացոլում է մեր միջազգային թիմի կողմից իրականացրած ահռելի աշխատանքը: Մենք  մատուցում ենք ֆինանսավորման, խորհրդատվական և շուկայական առաջնակարգ ծառայություններ տարբեր երկրներում՝  օգնելով մեր հաճախորդներին օգտվել միջազգային հնարավորություններից: Այսօր մեր  գլոբալ բանկային ծառայությունների և շուկաների եկամուտների ավելի քան կեսը գոյանում է արտասահմանյան գործունեությունից, և մեր շարունակական հաջողությունն ապահովելու գործում առանցքային դեր ունեն զարգացող շուկաները»:

Euromoney-ն նշում է. «HSBC-ն մշտապես առաջատար է այն ոլորտներում, որտեղ առկա է զարգացող շուկաների աճի ներուժ, լինի դա Չինաստանի «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը, թե Սաուդյան Արաբիայի արժեթղթերի շուկաների բացումը: Դժվար է գերազանցել Բանկի փորձը գործարքային ծառայությունների և կապիտալի շուկաների ոլորտում՝ հատկապես կորպորատիվ հաճախորդների համար»:

HSBC-ն արժանացել է հետևյալ կոչումներին՝

– Աշխարհի լավագույն բանկ

– Աշխարհի լավագույն ներդրումային բանկ զարգացող շուկաներում

– Արևմտյան Եվրոպայի լավագույն բանկ ֆինանսավորման ոլորտում

– Հյուսիսային Ամերիկայի լավագույն բանկ բանկային գործարքների իրականացման ոլորտում

– Ասիայի լավագույն բանկ

– Հոնկոնգի լավագույն բանկ

– Հոնկոնգի լավագույն ներդրումային բանկ

– Մերձավոր   Արևելքի լավագույն ներդրումային բանկ

– Սաուդյան Արաբիայի լավագույն ներդրումային բանկ

– Քաթարի լավագույն ներդրումային բանկ

– Օմանի լավագույն բանկ

Share