Ֆինանսական | 14:49 06/09/17

Վախթանգ Միրումյան. ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկվել է 2322 ծանուցում

ՊԵԿ-ն ամփոփում է մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը: Կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը ռեսուրսների արդյունավետ կառավարման է հանգեցնում

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի գործունեության եռամսյա արդյունքները: Հարկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հետևանքով օպտիմալացման, ռեսուրսների տնտեսման գործընթացներ են կատարվել: Պետական եկամուտների կոմիտեն բիզնես դաշտի հսկողություն է իրականացնում «խելացի» համակարգի միջոցով: «Էլեկտրոնային հսկողության կատարելագործումը թույլ է տվել արդյունավետ կառավարել հսկողական աշխատանքների համար նախատեսված ռեսուրսները՝ գործընթացը հարկ վճարողների համար դարձնելով թափանցիկ և գործընկերային»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հարկ վճարողների գործունեության նկատմամբ ընթացիկ հսկողությունը տարբեր տեսչությունների փոխարեն իրականացվում է կենտրոնացված սկզբունքով՝ մոնիթորինգի կենտրոնից: «Վերլուծության՝ օբյեկտիվ և միասնական չափանիշներով ձևավորված էլեկտրոնային համակարգն է դուրս բերում հարկ վճարողների ռիսկային վարքագիծը՝ հիմք տալով հսկողական միջոցառումների անցկացման համար: Այդպիսով, օպտիմալացման տրամաբանությանը համահունչ՝ կրճատվել են տարածքային հարկային տեսուչ-հարկ վճարող շփումները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»,-ընդգծել է Վախթանգ Միրումյանը:

Մոնիթորինգի կենտրոնում ինքնաշխատ համակարգը կատարում է ՀԴՄ և հաշվարկային այլ փաստաթղթերով՝ հարկային հաշիվներով և հաշիվ-ապրանքագրերով, իրականացվող գործարքների մոնիթորինգ: Այն համադրվում է մասնագետների վերլուծության հետ՝ ճշգրտելու տնտեսվարողի ռիսկայնությունը՝ գործունեության ոլորտի առանձնահատկություններից ելնելով, որից հետո կոմիտեն ծանուցում է ուղարկում ռիսկային հարկ վճարողներին: «2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկվել է 2322 ծանուցում, ընդ որում՝ 455 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ: ՀԴՄ ծանուցումների վերաբերյալ առարկություն կամ պարզաբանում է ներկայացրել 258 հարկ վճարող: «Օրենսդրությամբ սահմանված հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 362 հարկ վճարողի տվյալներ: Ներկա պահին 140 հարկ վճարողի մոտ հսկողական միջոցառումներ են իրականացվել»,-տեղեկացրել է կոմիտեի նախագահի տեղակալը: Հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը հաշվարկային փաստաթղթերի հիման վրա կատարված մոնիթորինգի արդյունքներով ուղարկվել է 718 ծանուցում, ընդ որում՝ 48 հարկ վճարողի ծանուցվել է մեկից ավելի անգամ: Առարկություն կամ պարզաբանում է ներկայացրել 118 հարկ վճարող: Հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 136 հարկ վճարողների տվյալներ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցրել է, որ ծանուցման բովանդակության հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողները կարող են էլեկտրոնային եղանակով՝ առանց ավելորդ միջոցներ ծախսելու, ներկայացնել առարկություններ և բացատրություններ: Այդկերպ հսկողությունը դառնում է առավել թիրախային և թափանցիկ, իսկ միջոցառումներ իրականացնող աշխատակիցների գործելաոճը՝ հիմնավորված: «Հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորումն օգնում է կոմիտեին գնահատել մշակված ռիսկային չափանիշների օբյեկտիվությունը, արդյունավետությունը՝ անհրաժեշտության դեպքում վերանայելով և կատարելագործելով դրանք»,-նշել է Վախթանգ Միրումյանը՝ հավելելով, որ այդ նպատակով հարկ վճարողների արձագանքների և իրականացված հսկողական միջոցառումների արդյունքերի ընթացիկ վերլուծություն է կատարվում: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ հարկ վճարողների հետադարձ կապի միջոցով շարունակաբար կատարելագործվող համակարգն ապահովում է ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական գործառույթի թափանցիկությունը և կոմիտեի որդեգրած գործելաոճին համապատասխան՝ բարձր արդյունավետությունը: