Բաժին. Ֆինանսական

Վիվասել-ՄՏՍ. 25-ամյա դադարից հետո, Ծովակի փողոցները լուսավորվել են

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են և շարքից դուրս եկել։

Կարևոր համարելով համայնքների զարգացումը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)  և  ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, կարգավորել են գյուղի հիմնական փողոցների լուսավորության հարցը։ Ծրագրի արդյունքում՝ տեղակայվել է 50 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ:  Լուսավորվել է 1800 մետր երկարությամբ տարածք:

Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը և բնակիչները:

«Այն ճանապարհը, որն ընտրել ենք համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնելու համար, արդարացված է և՛ տնտեսական, և՛ բնապահպանական, և՛ բարոյական տեսանկյունից: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ ծրագրով լուծվում է միայն լուսավորության խնդիրը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով կարգավորվում են առավել կարևոր հարցեր. Էներգախնայողություն, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում, սեփական հողն ու երկիրը շենացնելու՝ գյուղացուն փոխանցվող վստահություն: Սա մի ծրագիր է, որի արդյունավետության հաշվարկն սկսվում է լուսավորվելու պահից և շարունակվում տարիների ընթացքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող այս համակարգի ներդրման շնորհիվ, գյուղերն  էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը՝ խնայված միջոցներն ուղղելով  համայնքային կյանքի աշխուժացմանը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Ծովակ համայնքում 1827-1828 թվականներին բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Մշո գավառից գաղթածները: 1920-ական թվականներից Ծովակը հայտնի է եղել իր նավահանգստով, որտեղից իրականացվել է նավթամթերքի և տորֆի տեղափոխում: Հին գյուղի ավերակների և բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արևմտյան բարձրադիր մասում:

Մոտ 3500 բնակիչ ունեցող գյուղում հիմնականում զբաղվում են մանր ու խոշոր եղջերավորների անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ,  կարտոֆիլի և հացահատիկային բույսերի, ինչպես նաև բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակմամբ:

——————–

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share