Ֆինանսական | 19:07 04/10/17

Վարդան Հարությունյան. երկու արմատական փոփոխություն՝ հարկային համակարգում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի համար արմատական 2 փոփոխություն, որոնցով բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով նախորդ գործունեության 9 ամիսների արդյունքները՝ այս մասին տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

«Մի դեպքում՝ մեքենասարքավորումների և հումքի ներմուծումը սահմանին ազատվում է ԱԱՀ-ի վճարումից: Մյուս դեպքում՝ արտահանողներից բացի ԱԱՀ-ն վերադարձվելու է նաև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին»,-ասաց նա:

Վարդան Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ ընդունվել են հարկային համաներում նախատեսող օրենքներ, որոնցով սահմանվել է հարկ վճարողների հարկային պարտավորությունների համար հաշվեգրված տույժերից ու տուգանքներից ազատում:

«Փաստացի չգործող և հաշվարկներ չներկայացրած հարկ վճարողներին պարզեցված ընթա­ցա­կար­գով լուծարվելու հնա­րա­վո­րու­թյուն է ընձեռվել, որը թույլ կտա հստակեցնել գործող հարկ վճարողների շրջանակը ու հարկային մարմնի տեղեկատվական բազան: Ինչպես նաեւ, «Հարկատու-3» համակարգում ներդրվել է «Դրամարկղային գիրք» ենթահամակարգը: Հարկ վճարողը կարող է կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցում իրականացնել հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգում` մուտքի և ելքի օրդերների հիման վրա»,-նշեց ՊԵԿ-ի նախագահը՝ հավելելով,  որ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային համա­կարգի ներդրման շրջանակում հարկ վճարողներին հնարավորություն է տրվել այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ հայտարարություն ներկայացնել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակով: