Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. 2017թ. սեպտեմբերի 26-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2017 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Ա. Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ն. Երիցյանը, Վ. Աբրահամյանը, խորհրդի անդամներ Ա. Մկրտչյանը, Ա. Ստեփանյանը, Ա. Դարբինյանը, Օ. Աղասյանը: Խորհրդի նիստը սկսվեց սեպտեմբերի 26-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ 2017թ-ի օգոստոսին գրանցվել է 0.4% գնանկում՝ գրեթե նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի չափ, ինչի հետևանքով 12-ամսյա գնաճը պահպանվել է նախորդ ամսվա մակարդակին՝ օգոստոսի վերջին կազմելով 0.9%: Բնականոն գնաճը շարունակել է աճել և ԿԲ ակնկալիքներին համահունչ կազմել է 1.5%, այն դեպքում, երբ սեզոնային գյուղմթերքների գների աճի տեմպերի զգալի դանդաղումը որոշ չափով զսպել է ընդհանուր գնաճի սպասվող վերականգնումը: Ընդ որում, օգոստոսին բնականոն գնաճի կառուցվածքում զգալի աճ է արձանագրվել կարագի (4.2%), մսամթերքի (0.3%), բենզինի (0.8%), հագուստի (5.2%) և կոշիկի (6.4%) գծով:

Խորհրդի նիստում քննարկվեց ձևավորված տնտեսական իրավիճակը. ներկայացվեց, որ 2017թ-ի առաջին կիսամյակը բնութագրվել է բավականի բարձր տնտեսական ակտիվությամբ (տնտեսական աճը կազմել է 6%), ինչը շարունակվել է նաև երրորդ եռամսյակում՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Ընդ որում, դա առավելապես չեզոքացրել է տնտեսության մյուս ճյուղերում դիտվածնվազումների ազդեցությունը, որից ելնելով էլ ԿԲ-ն երրորդ եռամսյակում սպասում է կանխատեսվածից փոքր-ինչ բարձր տնտեսական աճ: Միևնույն ժամանակ արձանագրվեց, որ այս եռամսյակ ներքին պահանջարկի վերականգնումն ընթացել է սպասվածից արագ տեմպերով, ինչին, նախկինում իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունից զատ, նպաստել է կանխատեսվածից քիչ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը: Նշենք, որ ներքին պահանջարկի արագ վերականգնումն արտահայտվել է տնտեսության վարկավորման (օգոստոսը՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 10.0%), ներմուծման աճի (իրական 14.6%) և բնականոն գնաճի (1.5%) արձանագրված տեմպերում:

Պահանջարկի և տնտեսական աճի տարեկան ցուցանիշների մասով ռիսկերը թեքվում են ավելի բարձր լինելու ուղղությամբ: Երրորդ եռամսյակում արձանագրվել է դրամական փոխանցումների բարձր աճ (զուտ 16.0%)՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանի տնտեսության դրական զարգացումներով և, եթե մինչև տարեվերջ այդ միտումները պահպանվեն, հնարավոր է այդ ցուցանիշի մասով ԿԲ ակնկալիքների որոշակի գերազանցում:

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև արտաքին հատվածի զարգացումները, որոնք երրորդ եռամսյակում ևս արտահայտվել են տնտեսական աճի բարելավման միտումների պահպանմամբ: Ընդ որում, տնտեսական աճի տեմպերը գերազանցել են սպասելիքները հատկապես ԵՄ և ՌԴ տնտեսությունների մասով՝ պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնման արագ տեմպերով և ցածր գործազրկության մակարդակով: Մասնավորապես, Եվրոմիությունում տնտեսության դրական զարգացումների ներքո դիտվել է եվրոյի արժևորում, այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ԱՄՆ դոլարը որոշ չափով արժեզրկվել է, ինչն արտահայտվել է հիմնական գործընկեր երկրներից ներմուծվող ապրանքների դոլարային գների աճողական վարքագծում: Նշենք նաև, որ վերջին ամիսներին կարագի միջազգային շուկայում դիտվել է կտրուկ թանկացում՝ պայմանավորված պահանջարկի շարունակական աճի պարագայում առաջարկի կարճաժամկետ խնդիրներով: Միևնույն ժամանակ, պայմանավորված զարգացող երկրներում ներդրումային ակտիվության վերականգնմամբ՝ ձևավորվել են պղնձի հանդեպ պահանջարկի աճի սպասումներ, որի ներքո այդ շուկայում գրանցվել է գնի համեմատաբար բարձր աճ: Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատեց, որ առաջիկա ամիսներին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները կպահպանվեն և նման իրավիճակում արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:

Խորհրդում քննարկվեց ֆինանսական շուկայի զարգացումները և փաստվեց, որ, չնայած վերջին շրջանում քաղաքականության տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պահպանմանը, շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները շարունակել են նվազել՝ պայմանավորված
բանկային համակարգում առկա ավելցուկային իրացվելիության բարձր մակարդակով: Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդը մնում է այն կարծիքին, որ քաղաքականության տոկոսադրույքի ներկայիս մակարդակը բավարար խթանող է և կանխատեսվող սցենարով դեռևս որոշ ժամանակ կպահպանվի խթանող: Այն կշարունակի իր ազդեցությունը փոխանցել համախառն պահանջարկին, ինչի հետևանքով գնաճն աստիճանաբար կավելանա` կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Միևնույն ժամանակ, տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Share