Բաժին. Ֆինանսական

Սեպտեմբերին ԱՊՊԱ համակարգի վնասաբերությունն աճել է

Վերջին ամիսներին ԱՊՊԱ համակարգում վնասաբերության ցուցանիշն աճում է, սակայն դեռևս ցածր է սահմանված վնասաբերության մակարդակից: Ինչպես տեղեկանում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝ 2017 թվականի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է 60%, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 10 տոկոսային կետով:

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ համակարգի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս ապահովագրական ընկերությունների կողմից տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

ԱՊՊԱ-ի սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասհանումների համար:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 482 հազար 936, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 6 հազար 105-ով։

Share