Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը շարունակել Է հանդիպումները Վաշինգտոնում

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում մասնակցել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին նվիրված քննարկմանը, որը վարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի տեղակալ Թաո Զանգը: Քննարկման առանցքում եղել են հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում ի հայտ եկող մարտահրավերները, այդ գործընթացում ԱՄՆ-ի կողմից առաջարկվող աջակցության գործիքները, ինչպես նաև պատասխանատու ինստիտուտների կարողությունների զարգացման հեռանկարները:

Նախարար Վարդան Արամյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ պետական պարտքի կայունությանը, ֆիսկալ կանոնների և հարկային քաղաքականության բարելավմանն ուղղված աշխատանքները:

Ֆիսկալ հարցերի վարչության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայումս ֆիսկալ կանոնների վերանայման գորցընթացում ԱՄՆ–ի կողմից Հայաստանին ցուցաբերվող հետագա աջակցության հնարավորություններն ու ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՀ կողմից հարկային քաղաքականության բարելավման, մասնավորապես՝ գույքահարկի ուղղությամբ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Նախարար Վարդան Արամյանը մասնակցել է նաև Dutch Constituency-ի հանդիպումներին, որում ընդգրկված է նաև Հայաստանը: Անդրադարձ է կատարվել Constituency-ի կողմից Համաշխարհային բանկի կայուն զարգացման 2030 օրակարգին աջակցության, Համաշխարհային բանկի նոր բնապահպանական և սոցիալական քաղաքականությանը, կրթության և ուսուցման Համաշխարհային բանկի զարգացման զեկույցին: Ամփոփվել են նաև Constituency-ի շրջանակներում աշխատանքները, և նշվել է, որ հաջորդ Constituency-ի հանդիպումը կկայանա Խորվաթիայում:

Հանդիպման ավարտին հայկական կողմին նաև շնորհակալություն հայտնեցին Դիլիջանում կազմակերպված նախորդ հանդիպման համար:

Share