Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյան. 2018թ.-ին կանխատեսվում է 4.5% իրական տնտեսական աճ

Հայաստանի կառավարությունը 2018թ. 4.5% իրական տնտեսական աճ է կանխատեսում: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ եկող տարվա պետական բյուջեի նախագծում դրված է տնտեսական աճի 4.5% ցուցանիշ: «Տնտեսական աճի այն կառուցվածքը, որ մենք ունեցել ենք 2017թ., ակնկալվում է, որ կպահպանվի նաև 2018թ.: Իհարկե, դրա վրա ազդում է կառավարության կիրառած գործիքակազմը: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ կառավարությունը ներդրումային որոշ ծրագրերի համար հետաձգում է ավելացված արժեքի հարկի վճարումը, ինչի արդյունքում այդ ներդրումները իրենց հերթին նպաստելու են տնտեսական աճին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Արամյանը:

Նախարարը հավելեց, որ 2018թ. Հայաստանում տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերն են լինելու արդյունաբերությունը և ծառայությունները: Արամյանը մանրամասնեց, որ խոսքը, մասնավորապես, այն ծառայությունների մասին է, որոնք օժանդակող են լինելու արտահանմանը՝ հիշեցնելով, թե իրենք հայտարարել են, որ կառավարության քաղաքականության հենասյունը լինելու է արտահանման վրա հիմնված տնտեսական աճի ապահովումը:

Անդրադառնալով 2017 թ. տնտեսական աճի ցուցանիշներին՝ Արամյանն ասաց, որ 9 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.1%, ինչը թույլ է տալիս ակնկալել, որ տարվա կտրվածքով կարձանագրվի 4-4.3% տնտեսական աճ: Նախարարը հիշեցրեց, որ 2017թ. բյուջեով կառավարությունը կանխատեսել էր 3.2% տնտեսական աճ, սակայն աճն ավելի բարձր է լինելու՝ 4-4.3 շրջանակում:

Share