Բաժին. Ֆինանսական

Վարչապետ Կարապետյանն իր մեկ տարվա աշխատավարձը փոխանցել է Հայաստան Համահայկական հիմնադրամին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթացել կառույցի 25-ամյա գործունեությանը և ծրագրերին: Ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ կառավարության ղեկավարը հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը:

«Հարգարժան վարչապետը հիմնադրամում էր մեր հրավերով, ինչի համար շատ շնորհակալ ենք: Նախ` ներկայացրեցի բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք, և նախատեսվող ծրագրերը: Մեզ համար անակնկալ, երբ մենք ֆինանսական բաժնում էինք, ուր սովորաբար արվում է նվիրատվություն, վարչապետը հայտարարեց, որ այս դրամահավաքին նա մեզ նվիրաբերում է իր մեկ տարվա աշխատավարձը, որը 10 միլիոն դրամից մի քիչ ավելի է» – ասաց Արա Վարդանյանը:

Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստորաբաժանումների գործունեության պայմաններին և կատարվող աշխատանքներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ 25 տարվա ընթացքում Հայաստանում և Արցախում շուրջ 500.000 շահառուի համար իրականացվել է ավելի քան 50. 000 ծրագիր՝ 330 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ նվիրատուների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 700.000-ի: Նա մանրամասներ է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերի և ամենամյա դրամահավաքի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին. հանգանակություններն ուղղվելու են Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը և արևային էներգիայի կիրառման հնարավորությունների ստեղծմանը:

Share