Բաժին. Ֆինանսական

«Շահութահարկի մասին» օրենքում կկատարվի գործարար միջավայրի բարելավմանը նպաստող փոփոխություն

Կառավարություն ընդունեց համապատասխան որոշում, որով փոփոխություններ կկատարվեն «Շահութահարկի մասին» օրենքում: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ գործող օրենքը հնարավորություն է տալիս ոչ նյութական ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկումն իրականացնել փուլինգային եղանակով, որն աշխատում է 3-4 տարի ու գործարար պրակտիկայում առաջացրել է որոշակի խնդիրներ:

Ըստ նախարարի, այս փոփոխությամբ որոշակի ճկունություն, հնարավորություն կտրվի, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն իրենք ընտրեն իրենց ամորտիզացիոն վճարների մասհանումների հաշվառումը կատարեն փուլինգային, թե գծային մեթոդով:

«Նաև հնարավորություն ենք տալիս, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները, որոնք որ 2018 թվականին շահութահարկի հաշվարկ կներկայացնեն, եթե ընտրում են փուլինգային մեթոդ, կոշտ չլինի, լինի հնարավորություն նաև ենթափուլինգային մեթոդով հաշվառումներ իրականացնել», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը՝ ընդգծելով, որ այս փոփոխությունը կնպաստի գործարար միջավայրի զարգացմանը:

«Իհարկե, կարճ է աշխատելու, որովհետև 2019-ից արդեն սկսելու ենք աշխատել հարկային նոր օրենսգրքի մեթոդով, որտեղ տրված է գծային մեթոդը, բայց այս կարճ ժամանակահատվածը, ամեն դեպքում, գործարար միջավայրի զարգացմանը նպաստող քայլ է», – նշեց նախարարը:

Share