Բաժին. Ֆինանսական

KfW. 80 մլն եվրոյի բյուջետային աջակցություն Հայաստանին

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրին:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ վարկի գումարը տրամադրվում է երկու տրանշով՝ 2017 և 2018թթ. համար 40-ական մլն եվրո գումարի չափով:

«Վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվում է 2017 և 2018թթ. համար բյուջետային աջակցության վարկ՝ հիմնված բազմոլորտ քաղաքականության աղյուսակի վրա, ինչը միտված է Հայաստանի ջրային և կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանը և գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսական ապահովագրությունների մեխանիզմի իրագործմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը:

Ըստ համաձայնագրի՝ տոկոսադրույքը ֆիքսվող է (այն ֆիքսվում է յուրաքանչյուր տրանշի համար), պարտավորության վճարը կազմում է 0.25%՝ վարկի չօգտագործված գումարի նկատմամբ, միանվագ կոմիսիոն վճարը կազմում է վարկի գումարի 1%-ի չափով, մայր գումարի մարման ժամկետը՝ 15 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, ծրագրի ներքո տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհները ընդհանուր կազմում են 8 մլն 339 հազար եվրո:

Share