Բաժին. Ֆինանսական

Կարեն Կարապետյանը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե: Վարչապետը նախ շրջայց է կատարել կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին և դրանց բարելավման ուղղված աշխատանքներին: Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է 2016-2017 թվականների ընթացիկ ծրագրային աշխատանքների մասին, ներկայացրել ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները, կադաստրի համակարգի ձեռքբերումները, ծրագրերի ընթացքը, անդրադարձել առկա խնդիրների լուծման հնարավորություններին:

Նշվել է, որ այս տարվա ընթացքում արդեն իսկ հինգ տարածքային ստորաբաժանումներ միավորվել են Երևանի և մարզերի ստորաբաժանումների հետ, 3 սպասարկման գրասենյակներ միավորվել են այլ գրասենյակների հետ, իսկ ևս 3-ը՝ լուծարվել: Նախատեսվում է մինչև տարեվերջ լուծարել ևս 5 սպասարկման գրասենյակ: Միավորվել են նաև համակարգի երկու ՊՈԱԿ-ներ: Օպտիմալացումների արդյունքում տնտեսվել է 385 մլն դրամ: Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք լուծարված սպասարկման գրասենյակների հետևանքով բնակչությանը մատուցվող ծառայությունների հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Զեկուցվել է, որ մատուցվող ծառայությունները պատվիրակվել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին, և այդ առումով որևէ խնդիր չի արձանագրվել, քաղաքացիների համար որևէ դժվարություն չի առաջացել: Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացվող բարեփոխումը և առաջարկել սպասարկման մյուս գրասենյակների դեպքում ևս գործել նույն կերպ: Նշվել է, որ այդ պարագայում կտնտեսվի լրացուցիչ 635 մլն դրամ:

Տեղեկացվել է, որ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կադաստրի համակարգի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված դիմումների քանակն աճել է 20,2 տոկոսով, կոմիտեի աշխատակազմ մուտքագրված դիմումների թիվը՝ 15,6 տոկոսով, մատուցված ծառայությունների համար հավաքագրվել է 2,95 մլրդ դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 11,5 տոկոսով: Ընթացիկ տարվա առաջին 10 ամսվա ընթացքում գանձվել և ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 670 մլն դրամ: Մինչև տարեվերջ կանխատեսվում է գանձել և պետբյուջե փոխանցել 775 մլն դրամ, կամ 22 տոկոսով ավելի 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Նշված ժամանակահատվածում համակարգի ծախսերը կազմել են 2,59 մլրդ դրամ, ինչը 2,8 տոկոսով ավելի է 2016-ի հունվար-հոկտեմբերի համեմատ: Ակնկալվում է, որ տարեկան ծախսերը կազմելու են 3,39 մլրդ դրամ: Մարտին Սարգսյանն ընդգծել է, որ եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը ևս փոխանցվելու է ՀՀ պետբյուջե, որը կկազմի շուրջ 200 մլն դրամ: Զեկուցվել է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 127052 գործարք, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 0,8 տոկոսով: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի խոսքով, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործարքների թիվը գնալով աճում է և տարեվերջին 2016-ի համեմատ կգրանցվի ավելի մեծ աճ:

Անդրադառնալով իրականացվող բարեփոխումներին՝ Մարտին Սարգսյանը զեկուցել է անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը: Ներկայացվել են ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Ներկայացվել է նաև կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը: Զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Տեղեկացվել է, որ մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով քննարկվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները, ինչն էապես կդյուրացնի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների կողմից գործարքների իրականացումն ու ծառայությունների ստացումը: Արդեն իսկ Արցախի Հանրապետությունում և Սանկտ Պետերբուրգում ներդրվել է համապատասխան պիլոտային ծրագիր:

Վարչապետին զեկուցվել է նաև կադաստրի համակարգում նախատեսվող մի շարք այլ բարեփոխումների մասին, որոնք միտված են մատուցվող ծառայությունների բարելավմանն ու ոլորտի զարգացմանը:

Կարեն Կարապետյանը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը և նշել, որ ոլորտում առկա տնտեսումներն ու կոմիտեի կողմից ՀՀ պետբյուջե փոխանցվող գումարների մի մասն ուղղվելու են կադաստրի համակարգի բարեփոխումների իրականացմանն ու այդ բնագավառի շարունակական արդիականացմանը: Վարչապետը հանձնարարել է ակտիվորեն շարունակել նախատեսվող ծրագրերն ու կարևորել գյուղատնտեսական նշանակության և արդեն իսկ օգտագործվող հողատարածքների հաշվառումը, առկա վիճակագրական տվյալների ճշգրտումը, կադաստրի համակարգի համալրումը նորագույն տեխնոլոգիաներով:

Share