Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Կոնվերս բանկի դոլարային պարտատոմսերը ցուցարկվել են բորսայում

2017թ.-ի դեկտեմբերի 13-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Ընկերության պարտատոմսերի նշված թողարկումը ներառում է 40,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.25% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMCOVSB24ER5) բորսայում կշրջանառվեն COVSB4 բորսայական հապավմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:  

———–

Կոնվերս Բանկ ՓԲԸ բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80.94 տոկոս), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06 տոկոս) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս): Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին` վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն: 01.07. 2017թ.-ի դրությամբ Բանկի ակտիվները 217,338,330 հազար դրամ են, պարտավորությունները՝ 183,270,439 հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,067,891 հազար դրամ է: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.conversebank.am:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան իր հաճախորդներին տրամադրում է ամբողջական ավտոմատացված առևտրային համակարգ՝ ապահովելով ՀՀ բոլոր տեսակի արժեթղթերով, ինչպես նաև արտարժույթով և վարկային ռեսուրսներով առևտրի իրականացման հնարավորություն մեկ միասնական օպերատորի միջոցով: Ինտեգրված բիզնես մոդելի շնորհիվ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շուկայի մասնակիցներին առաջարկում է գործարքային ծառայություների ամբողջական փաթեթ՝ սկսած ֆինանսական գործիքներով գործարքի կնքումից մինչև վերջնահաշվարկի իրականացումը:  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.nasdaqomx.am:

Share