Բաժին. Ֆինանսական

Կարեն Կարապետյան. Հարկավոր է ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Վարչապետի հանձնարարականներից մեկը Հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքների և նոր ռազմավարության մշակմանն էր վերաբերում: «2015 թվականին ընդունվեց Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Այս ժամանակահատվածում կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը։ Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմներ»,-ասել է կառավարության ղեկավարը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման և միջոցառումների կատարման աշխատանքները, 30-օրյա ժամկետում՝ ըստ ոլորտի մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել արդարադատության նախարարությանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող չորս ոլորտային հակակոռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները: Հանձնարարվել է նաև սահմանված ժամկետներում ամփոփել հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված և իրականացված միջոցառումները և դրանց արդյունքները, այնուհետև ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ ապահովելով դրա հասանելիությունը հնարավորինս լայն զանգվածներին։

Վարչապետը հանձնարարել է արդարադատության նախարարին ձեռնարկել միջոցներ՝ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ, հստակ արձանագրել թիրախային նոր ոլորտներ, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշներ, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Հանձնարարվել է նաև փաստաթղթի մշակման աշխատանքներում հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների, իրավաբան գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի։

Share