Բաժին. Ֆինանսական

ՀՀ կառավարություն. աջակցություն ներդրումային ծրագրերին՝ կստեղծվի 500-ից ավել նոր աշխատատեղ

Կառավարության որոշումներով ներդրումային ծրագրի շրջանակում «Բալաբեկյան Ագրո» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից: Ընկերության նպատակն է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հեկտար հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի՝ կատարելով 120 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 18 աշխատատեղ` 90 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ծավալները կկազմեն 50 մլն ՀՀ դրամ, որից 20 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում։

Կառավարությունը որոշել է պետգույքի կառավարման վարչության տնօրինության ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք Տուֆագործների փողոցում գտնվող անշարժ գույքը, մասնավորապես՝ դպրոցի շենքը, անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխարմինվեստ» ՍՊԸ-ին: Ընկերությունը գործունեություն է ծավալում կարի արտադրության ոլորտում: Ընկերության նպատակն է Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում և սահմանամերձ տարածքներում ստեղծել նոր աշխատատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումների միջոցով կազմակերպել հայրենական մրցունակ, տարբեր տեսակի հագուստի արտադրություն և արտահանել Ռուսաստան, եվրոպական երկրներ: Ընկերությունը պարտավորվել է նաև երեք տարում կատարել 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որը կուղղվի անշարժ գույքի վերանորոգման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը, ինչպես նաև ստեղծել 500 աշխատատեղ:

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» ծրագրի հետագա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու, տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու և շարժական գույք նվիրելու մասին» որոշում: Առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող Երևանի Տերյանի փողոցում գտնվող տարածքը հետ վերցնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից և անհատույց օգտագործման իրավունքով 20 տարով տրամադրել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին:

Share