Ֆինանսական | 13:35 21/12/17

ՊԵԿ. Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտն աճել է շուրջ 20%

Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել

Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017թ. 11 ամսում ապահովել է 483 մլրդ դրամից ավելի հարկային եկամուտ, ինչը մոտ 39.9 մլրդ դրամով կամ 9 տոկոսով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 16.4 մլրդ դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել՝ 4.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը կազմում է 61 մլրդ դրամ կամ  շուրջ 13.8 տոկոս: 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 մլրդ դրամով կամ 7.3%-ով:

Ի դեպ, այս տարվա հունվար-նոյեմբերին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները «ապառք» վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5.8 մլրդ դրամով կամ 36,3 տոկոսով: 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 20%-ով, իսկ ոչ ռիսկայիններինը՝ 7%-ով: Տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից այս տարվա 11 ամիսների ընթացքում դուրս գրված հարկային հաշիվների քանակը, 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ, ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է 10,5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթները՝ 11%-ով: Առանձին հարկ վճարողների հետ կազմակերպված հանդիպումների ու բացատրական աշխատանքների արդյունքում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ավելացվել է մոտ 3.9 մլրդ դրամ հարկ: