Բաժին. Ֆինանսական

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ելույթը ԿԲ-ում 2017 թվականի տարեմուտի ընդունելությանը

Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ,

Հարգելի գործընկերներ, հյուրեր

Ողջունում եմ ձեզ՝ ավանդույթ դարձած տարեմուտի այս միջոցառմանը, որի ընթացքում կներկայացնեմ մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովման գործընթացում Կենտրոնական բանկի դերակատարումը:

Առկա մակրոտնտեսական կայունության ձևավորմանը Կենտրոնական բանկը շարունակել է նպաստել գների կայունության ապահովման միջոցով: Գնաճային սպասումների նվազման պարագայում դեռևս 2015 թվականից վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 12 անգամ: Ընդհանուր 4.5 տոկոսային կետով տոկոսադրույքի նվազեցումը ԿԲ-ն իրականացրել է արտաքին աշխարհի և ներքին տնտեսության ռիսկերի կշռմամբ:

Կենտրոնական բանկի ճկուն քաղաքականությունը որոշակիորեն մեղմել է Հայաստանի տնտեսության վրա արտաքին ցնցումների բացասական ազդեցությունները, և փաստ է, որ  տարածաշրջանի երկրներից Հայաստանի Հանրապետությունում են արձանագրվել նվազագույն տատանողականությամբ տնտեսական ցուցանիշներ: Ներկայումս ակնհայտ են տնտեսական աճի համար հենասյուն հանդիսացող գնաճային կայուն միջավայրի առկայությունը, տնտեսական ակտիվության և ներքին պահանջարկի աճի միտումները:  2017 թվականն ավարտում ենք գնաճի նպատակի տատանումների թույլատրելի միջակայքում:

Ընդամենը 2 շաբաթ առաջ Ֆիտչ վարկանշային կազմակերպությունը Հայաստանի տնտեսության հեռանկարը կայուն զարգացողից փոխել է դրական զարգացողի, ինչի համար կարևոր  գործոն է հանդիսացել  նաև Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը, որը  Ֆիտչը կրկին գնահատել է վստահելի:

Կենտրոնական բանկը, գների կայունության ապահովմանը զուգահեռ, մշտապես կարևորել է ֆինանսական կայունության ապահովումը, որը 2018 թվականից, գների կայունության հետ հանդիսանալու է Կենտրոնական բանկի հիմնական նպատակ, ինչը ժամանակի մարտահրավեր է և միտում է դարձել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո:

Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման խնդրի ներքո մեր  գործողությունները, ի թիվս այլոց, ուղղված են ֆինանսական համակարգում մրցակցության խորացմանը, վարկավորման և ներգրավված միջոցների  ժամկետայնության աճին և ապադոլարիզացիային, որոնք տնտեսության վարկավորման հետագա աճի կարևորագույն նախապայմաններ են: Այս քաղաքականությունը հիմնականում իրականացվել է տարբերակված պարտադիր պահուստավորման նորմատիվային գործիքի կիրառմամբ, և քաղաքականության դրական արդյունքներն ակնհայտ են: Վարկերի և ավանդների դոլարիզացման մակարդակի նվազեցման վերաբերյալ փաստվում է նաև վարկանշային կազմակերպությունների կողմից, ինչը վերջիններիս գնահատմամբ անհրաժեշտ է դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից: Կայուն է գնահատվել նաև բանկային համակարգը՝ բնութագրելով այն «բարձր կապիտալացված»:

Օգտվելով առիթից, մեկ անգամ ևս բարձր գնահատենք ֆինանսական ինստիտուտների և հատկապես բանկերի  ճկուն գործունեությունը, ինչի շնորհիվ մեր քաղաքականության արդյունքներն ավելի արագ են առարկայական դառնում: Արժե նաև հիշել, որ անցնող տարիներին տեղի են ունեցել համաշխարհային մասշտաբի մի քանի ցնցումներ, որոնք շատ պետությունների ստիպել են պետական միջոցների էական ներարկմամբ փրկել և կայունացնել ֆինանսական համակարգը: Մեր դեպքում դրա անհրաժեշտությունը չի եղել և չկա: Ավելին, չնայած ճգնաժամային տարիների տնտեսության իրական հատվածից բխող ռիսկերին, բանկերը վարկավորել են տնտեսական ներուժն ավելացնող ոլորտները, գիտակցելով, որ իրենց գործունեությամբ որոշակիորեն կնպաստեն տնտեսական աճին: Տնտեսությանը ֆինանսական միջոցների տրամադրման գործում մշտապես ակտիվ են եղել նաև վարկային կազմակերպությունները:

Արդյունքում՝ վերջին տասը տարիներին գրեթե եռակի ավելացել է տնտեսությունում ֆինանսական համակարգի միջնորդությունը բնութագրող Վարկ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը: Այս տարիներն ուղեկցվել են նաև մի շարք որակական զարգացումներով, ինչպիսիք են բանկային ծառայություններից օգտվողների և ծառայությունների հասանելիության էական աճերը, վարկերի տոկոսադրույքների դինամիկ նվազումը և այլն: Երկարաժամկետ հատվածում բանկերի ֆինանսական կայունության ամրապնդմանն ուղղված նվազագույն կապիտալի նոր սահմանաչափի բարձրացման արդյունքում բանկերն այսօր բավարար իրացվելի և կապիտալացված են, որպեսզի ապահովեն տնտեսության վարկերի պահանջարկը:

Մշտապես ուշադրության կենտրոնում են եղել տնտեսության թիրախային ոլորտներում և տարբեր սոցիալական խմբերին երկարաժամկետ և մատչելի վարկային ծրագրերը, որոնց ուղղությամբ Կենտրոնական բանկը համագործակցում է միջազգային կառույցների, Կառավարության և ֆինանսական հաստատությունների հետ:

Հաշվետու տարում շարունակվել են ֆինանսական համակարգի կայունության և զարգացման դրական միտումները: Բանկային համակարգը ապահովել է ակտիվների և վարկերի մոտ 10-ական տոկոս աճ: Տարին կամփոփեն հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով նաև վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերություններն ու ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները: Գնահատելի է ապահովագրական ընկերությունների հետևողական ջանքերը հասարակության մոտ ապահովագրական մշակույթի ձևավորման և կայացման գործում: Հատկանշական է կենսաթոշակային համակարգի ֆոնդերի կուտակային միջոցների աճի արագացումը: Ֆոնդերի ընդհանուր միջոցներն արդեն հատել են 105 մլրդ դրամի շեմը կամ ՀՆԱ-ի մոտ 2.0%-ը: Այս ֆոնդերի պրոֆեսիոնալ կառավարումը հնարավորություն է տվել ապահովելու բարձր եկամտաբերություն:

Իհարկե, Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում է եղել նաև օրենքով ամրագրված մյուս խնդիրների իրականացումը:

Մասնավորապես՝ կարևորվում է ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթության ոլորտում տարվող աշխատանքը, որից առանձնացնենք գիտության և կրթության նախարարության հետ համատեղ մշակված և ներկայումս արդեն իսկ փորձարկման փուլում գտնվող՝ ֆինանսական կրթման ինտեգրումը դպրոցներում:

Վճարահաշվարկային համակարգի զարգացման խնդրի շրջանակներում հատկանշական է ԱՐՔԱ համակարգի համագործակցության մեկնարկը «ՄԻՌ» վճարային համակարգի հետ, ինչի շնորհիվ ԱՐՔԱ քարտերը կարող են սպասարկվել «ՄԻՌ» վճարային համակարգի ենթակառուցվածքում, և «ՄԻՌ» վճարային համակարգի չիպային հավելվածի կիրառմամբ թողարկվել են առաջին ԱՐՔԱ չիպային քարտերը:

Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ գների կայունության և ֆինանսական կայունության ապահովման նոր կառուցակարգի ներքո, Կենտրոնական բանկը շարունակելու է պատրաստակամորեն իրագործել իր հիմնական նպատակները, որի ընթացքում շարունակելու է առաջնորդվել Սահմանադրությամբ տրված անկախության աստիճանի պահպանմամբ, ինչը տասնամյակներ շարունակ տեսությամբ և փորձով ապացուցված արդյունավետ ուղին է: 

Մեծարգո Նախագահ, հարգելի գործընկերներ, հյուրեր:

Շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող 2018 թվականը լինի խաղաղության, կայունության ամրապնդման և շարունակական ձեռքբերումների տարի:

Շնորհակալություն

Share