Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյան. տնտեսական կայուն աճ ունենալու համար կարևոր է մասնավոր ներդրումների ներգրավումը

Հայաստանում արդյունավետ սոցիալական քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է կայուն տնտեսական աճի ապահովում, ինչի համար կարևոր նախապայման է մասնավոր ներդրումների ներգրավումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Արդյունավետ սոցիալական քաղաքականությունը պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը: Սակայն մենք պետք է նայենք մեր հնարավորություններին և հասկանանք, թե ինչպես ենք իրականացնում այդ քաղաքականությունը: Եթե իրավիճակն այնպիսին է, որ ռեսուրսները չեն բավարարում, որ դու գնաս աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ բարձրացման, դա խնդիր է, որովհետև ապագայում, եթե տնտեսական աճը, օրինակ, 2 տոկոս եղավ,  ինչպե՞ս ենք դա փոխհատուցելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը;

Նախարարն ընդգծեց, որ արդյունավետ սոցիալական քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 5 տոկոս կայուն տնտեսական աճ: «Կայուն աճ ապահովելու համար մենք պետք է ներդրումներ, հատկապես մասնավոր ներդրումներ կատարենք»,- ասաց Արամյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2012 թ. հետո Հայաստանում նվազագույն աշխատավարձը 32 հազար 500 դրամից բարձրացվել է և դարձել 55 հազար դրամ, ինչը շուրջ 67- տոկոսանոց աճ է. «Շատ ավելի լավ կլինի, որ մենք հետագայում էլ կարողանանք սոցիալական այդ քաղաքականությունը շարունակել, սակայն պետք է նայենք մեր հնարավորություններին: Մենք պետք է հաշվի առնենք, որ մեր պարտքի սպասարկման ծախսերը կազմում են մեր ընդհանուր ծախսերի 10 տոկոսը, իսկ դա փոքր գումար չէ: Դրա համար մենք բոլոր խնդիրներին պետք է խելացի մոտենանք՝ ավելի մեծ հասցեականություն սոցիալապես խոցելի խավերին, ընդհանուր զսպվածություն և ավելի մեծ ուշադրություն կապիտալ ծախսերին»,- եզրափակեց Վարդան Արամյանը:

Share