Բաժին. Ֆինանսական

Կարեն Կարապետյանին զեկուցվել են պետական գույքի կառավարման ոլորտում կատարված աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:

Վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685 745.8 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 544 051.6 հազ.դրամ, համապատասխան համայնքային բյուջեներ՝ 141 694.2 հազ.դրամ: Օտարումից ստացված միջոցները 2016 թվականի համեմատ ավելի են 473,5 տոկոսով: Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66 415.8 հազ. դրամ (2016-ի համեմատ ավելի՝ 5,5 տոկոսով), որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 62 334.4 հազ.դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 4 081.4 հազ. դրամ, պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 398 մլն դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 8 տոկոսով: ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 156 160.5 հազ.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 40 793.7 հազ.դրամ (այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 9 481.2 հազ.դրամ), իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 166 366.8 հազ. դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 385 տոկոսով: Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 367 393.4 հազ. դրամ, աճը՝ 852 տոկոս: Նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 2 մլրդ 46 մլն 278 հազ. դրամ, ինչը 2016-ի դիմաց ավելի է 165,9 տոկոսով: ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 390 մլն դրամ` աճը 175 տոկոս: Հարուցված հայցերի և բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 59 316.1 հազ.դրամ գումար:

Արման Սահակյանը զեկուցել է, որ 2017-ի ընթացքում աճուրդի միջոցով օտարվել է պետական գերատեսչություններից օպտիմալացման ենթարկված 704 միավոր տրանսպորտային միջոց: 2016-ի համեմատ քանակական աճը կազմել է 80 տոկոս, իսկ արժեքայինը՝ 110: Աճուրդների կազմակերպման գործընթացում թերություններն ամբողջությամբ վերացնելու նպատակով նախատեսվում է 2018-ի ընթացքում աճուրդները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով: Սահակյանի տեղեկացմամբ, պետական գույյքի հաշվառման գործընթացում ևս նախատեսվում են արմատական բարեփոխումներ՝ ներդնելով էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ցանկացած պահի հասկանալ համապատասխան գույքի օգտագործման արդյունավետությունը և այլն: Պետական գույքի կառավարման վարչության պետի համոզմամբ, էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի բոլոր գերատեսչություններին, և արդյունքում կունենանք պետական գույքի հաշվառման իդեալական բազա:

Զեկուցվել է, որ պետգույքի կառավարման ոլորտում 2017-ի ընթացքում կանխատեսվել էր ներգրավել 18 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, սակայն իրականացվել է 8 մլն դոլարի ծրագիր՝ 2016-ի 5 մլն-ի դիմաց: 2018 թվականի ընթացքում կանխատեսվում է իրականացնել 16 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Միաժամանակ, Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված է 47 պետական գույք և ներկայացրել բարձր արժեք ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացացը:

Անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեությանն ու դրանց արդյունավետությանը: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հաշվառել գերատեսչությունների, մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ ներքո գտնվող բոլոր անշարժ գույքերը և վերջիններիս հետ կապված ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու պարագայում էապես կկրճատվեն հաստատուն, ոչ էֆեկտիվ ծախսեր: Վարչապետը հանձնարարել է նաև չօգտագործվող պետական գույքի ներգրավմամբ նպատակային ծրագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները քննարկել կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող նախարարությունների հետ:

Տեղեկացվել է, որ պետական գույքի հաշվառման բազայում հաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8862 միավոր անշարժ գույք (ընդհանուր մակերեսը՝ 8047530.87 քառ.մետր), հաշվառվել է 218 իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը և նրանց գույքի կազմում ընդգրկված 2705 միավոր անշարժ գույք:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ՀՀ քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները նվիրելու (սեփականաշնորհելու) մասին 7 որոշման նախագիծ (ընդհանուր` 90 ընտանիքի վերաբերյալ՝ 249 անձ, 91 սենյակ): Լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 293 930.0 հազ.դրամ կրեդիտորական պարտք, որից՝ ՀՀ պետական բյուջե` 7 0331.0 հազ.դրամ, համայնքային բյուջե՝ 1129.0 հազ.դրամ, աշխատավարձի գծով` 187 392.0 հազ.դրամ և այլ կրեդիտորական պարտք՝ 35 078.0 հազ.դրամ:

Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Մենք ունենք մեծ հնարավորություններ, որոնք չենք օգտագործում, ու ոչ էլ հետևից գնում ենք: Սակայն, Ճիշտ ուղղությամբ ենք գնում, լավ գործեր ենք կատարել, բայց պետք է չհանգստանանք: Իրականում մեր գույքի սեփականատերը դուք եք, մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ 2018-ին որակապես այլ խնդիր ենք դնում, դրանով չենք բավարարվելու»:

Share