Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

ԱՄՀ պատվիրակությունը նախատեսում է առաջիկա երկու-երեք տարում տեխնիկական աջակցություն ցուցաբերել կոմիտեին՝ նախատեսվող բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու գործում

Փետրվարի 28-ից մարտի 12-ը Հայաստանում է Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնական գրասենյակի պատվիրակությունը: Այսօր պատվիրակության անդամներին ընդունել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Հանդիպման ընթացքում, անդրադառնալով կոմիտեի շուրջ մեկ ու կես տարվա իրականացրած բարեփոխումներին, պատվիրակության անդամները փաստել են տեսանելի և տպավորիչ արդյունքների մասին՝ բարձր գնահատելով եկամուտների շարունակական աճը, կոմիտեի կառուցվածքային օպտիմալացման միջոցառումները և այդ համատեքստում աշխատանքների կազմակերպման նոր գործելաոճը: ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ փոփոխությունների իրականացման հիմքում դրվել է բիզնեսի համար առավելագույն հարմարավետ միջավայրի ապահովման սկզբունքը: Վարդան Հարությունյանի խոսքով՝ առաջիկա երկու-երեք տարում ՊԵԿ վարչարարությունն ուղղվելու է եկամուտների թերհայտարարագրման, իրացման շրջանառությունների ֆիքսման, հարկերից խուսափելու գործելաոճի բացառմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, և այդ համատեքստում մեծապես կարևորվում է վարչարարական այնպիսի գործիքակազմի կիրառումը, որն առավելագույն արդյունք կապահովի՝ միաժամանակ աննկատ մնալով բիզնեսի համար: ՊԵԿ նախագահն ակնկալում է արդյունավետ համագործակցություն ԱՄՀ-ի հետ. «Մենք շատ վճռական ենք տրամադրված, որպեսզի Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղ ներդրումների համար բարենպաստ եղանակ կստեղծվի, որի ձևավորման հարցում հարկային քաղաքականությունը կարևորագույն գործիք է», – նշել է ՊԵԿ նախագահը։

ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների հետ հանդիպումների արդյունքում՝ ԱՄՀ պատվիրակությունը նախատեսում է առաջիկա երկու-երեք տարում տեխնիկական աջակցություն ցուցաբերել կոմիտեին՝ նախատեսվող բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու գործում: Կողմերը երկուստեք ընդգծել են համագործակցության արդյունավետությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։

Share