Բաժին. Ֆինանսական

ԱԳԲԱ Լիզինգ․ Գրին Լիզինգի նախագծերը կֆինանսավորվեն «Հորիզոն 2020» ծրագրի կողմից

ԱԳԲԱ Լիզինգը ընդգրկվել է Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա դրամաշնորհային ամենամեծ ծրագրերից մեկի ցանկում:

ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը նշեց. «Դրամաշնորհը կուղղվի «Գրին Լիզինգի» շրջանակում իրականացվող նախագծերի տեխնիկական աջակցության ֆինանսավորմանը: Մենք 2014 թ.-ից սկսած իրականացրել ենք 500-ից ավել «գրին» նախագիծ և այս քայլն իրական ներդրում է ընկերության համար, քանի որ ծրագրի ավարտին մենք կունենանք լավ մշակված գործիքակազմ, էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի ֆինանսավորման նոր մեխանիզմներ և այդ ոլորտում առաջ շարժվելու համար անհրաժեշտ հստակ մշակված գործունեության քարտեզ: Այս ամենը թույլ կտա է՛լ ավելի ամրապնդել մեր դիրքերը լիզինգային շուկայում և նպաստել տարածաշրջանում էներգաարդյունավետության մակարդակի բարձրացմանն ու կայուն զարգացմանը»:

Դրամաշնորհի տրամադրած միջոցներն ուղղվելու են հիմնականում Էներգաարդյունավետության բնագավառում աշխատակազմի հմտությունների և գիտելիքների բարելավմանը, դասընթացների և վերապատրաստումներին մասնակցությանը, այդ բնագավառում առկա խնդիրների բացահայտմանն ու լուծման ուղիների մշակմանը:

Ծրագիրը մեկնարկել է մարտի 21-23 Վիեննայում կայացած համաժողովի ընթացքում: Նախագծին մասնակցելու նպատակով ստեղծվել է կոնսորցիում, որի անդամները ներկայացնում էին Ավստիան, Լեհաստանը, Հայաստանը, Խորվաթիան, Չեխիան և Վրաստանը: Ընդ ուրում՝ յուրաքանչյուր երկիր ներկայացված էր մեկ ֆինանսական և մեկ հետազոտական կենտրոնով: Հայաստանը ներկայացնող ֆինանսական կառույցը լիզինգային շուկայի առաջատար՝ ԱԳԲԱ Լիզինգն էր:

Share