Ֆինանսական | 17:26 16/04/18

Կենտրոնական բանկ. Մեկնարկել է «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագիրը

Ապրիլի 16-ից մեկնարկել է «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագիրը: Միջոցառումն արդեն անցկացվում է 5-րդ անգամ և ունի բավականին բարձր արդյունքներ (ԻՖԱ2016 ծրագրի հաշվետվությունը՝ https://goo.gl/DndX3K): Այն նպատակ ունի հանրության շրջանում կարևորել անձնական ֆինանսների արդյունավետ կառավարումը:

Ծրագրի ընթացքում հանրության համար ֆինանսական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ կիրականացվեն ուսուցողական և տեղեկատվական ինտերակտիվ միջոցառումներ:

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը շեշտադրել է ծրագրի կարևորությունը՝ նշելով որ այս տարի «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագրի միջոցառումները ուղղված են լինելու ֆինանսական նոր գիտելիքի և հմտությունների զարգացմանը, հետևյալ 7 թեմաներով՝ անձնական բյուջեյի կառավարում, խնայողություն, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն, զեղծարարություններ և խարդախություններ:

ՀՀ կենտրոնական բանկի՝ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կոորդինատոր Սևակ Միքայելյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումների մասին: Այսպես` մասնակիցները «ֆինանսական շրջագայության» ժամանակ կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ, կարող են մասնակցել տարաբնույթ մրցույթներին, ինչպես նաև՝ ֆինանսական ոլորտի փորձագետների կողմից գլխավոր դրամատանը անցկացվող տարբեր ֆինանսական թեմաներով մեկժամյա բաց սեմինարներին: Գրեթե բոլոր մարզերի դպրոցականները, ձևավորելով խմբեր, հնարավորություն կունենան կիսվել իրենց ֆինանսական գիտելիքներով և ձեռքբերումներով Ֆինանսատնտեսագիտական (Brain Ring) խաղ մրցույթի ժամանակ, ինչպես նաև մասնակցել խնայողությունների խաղին: Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան այցելելու Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների գրասենյակներ և ծանոթանալու կենսաթոշակային նոր համակարգին:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն, ինչպես ավանդույթ դարձած, այնպես էլ նոր միջոցառումներ, ինչպիսք են՝

- ՖինՄարզում ծրագիրը, որի ընթացքում 6 մարզերում կիրականացվեն սեմինարներ 7 հիմնական թեմաներով (տնտեսություն, անձնական բյուջեյի կառավարում, խնայողություն, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն, զեղծարարություններ և խարդախություններ),

- Բյուջետիկ սեղանի խաղ, որը կանցկացվի Սիթիզեն մանկական քաղաքում: Խաղը երեխաների մոտ կզարգացնի անձնական ֆինանսները կառավարելու բազիսային կարողություններ,

- Երեխաները ֆինանսների մասին ծրագիրը, որի ընթացքում 7-13 տարեկան երեխաները հարցազրույցների ընթացքում կստանան սպառիչ պատասխաններ խնայողություն, վճարային քարտեր, վարկ, փող և ապահովագրություն թեմաների վերաբերյալ: Երեխաների հարցերին պատասխանելու են ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետները:

Ծրագրի գործընկերներն են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը, Երևանի Քաղաքապետարանը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, Կենտրոնական Դեպոզիտարիան, Հայաստանի պատանեկան նվաճումները, Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական ՀԿ-ն մի շարք առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ և հասարակական կազմակերպություններ:

Ծրագրի և ծրագրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն առկա է www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանուն facebook-յան, twitter-յան և Instagram-յան էջերում: