Բաժին. Ֆինանսական

Հայաստանում նկատվում է դրամական միջոցների ակտիվ հոսք դեպի կորպորատիվ պարտատոմսերի շուկա

Վերջին տարիներին Հայաստանի կապիտալի շուկայում նկատվում է ակտիվություն, և չնայած զարգացվածության տեսանկյունից շուկան դեռևս հեռու է ցանկալի մակարդակից, այնուամենայնիվ, կարելի է ասել, որ առկա են զարգացման բարենպաստ նախադրյալներ և միտումներ: Մասնավորապես, աճել է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումները, և ընդհանուր առմամբ՝ մեծացել է հետաքրքրությունն ինչպես կորպորատիվ պարտատոմսերի թողարկման արդյունքում միջոցներ ներգրավելու, այնպես էլ կորպորատիվ պարտատոմսերում ներդրումներ կատարելու նկատմամբ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ֆոնդային բորսայում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 237 գործարք` շուրջ 3 մլրդ 296.6 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: 2017 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերով կնքված գործարքերի թիվը և այդ գործարքերի ընդհանուր ծավալն ավելացել է շուրջ 2 անգամ: Այսպես, 2017 թվականի առաջին եռամսյակում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել էր 122 գործարք՝ 1 մլրդ 862.98 մլն ՀՀ դրամ ծավալով: 2016 թվականի հունվար-մարտին կորպորատիվ պարտատոմսերով կնքվել էր 95 գործարք, իսկ 2015 թվականին՝ միայն 60 գործարք: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի 12 ամսում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կորպորատիվ պարտատոմսերով գրանցվել էր 630 գործարք՝ ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:
2018 թվականի հունվարին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կորպորատիվ պարտատոմսերով գործարքների առարկա են հանդիսացել 10 թողարկողի 25 դասի 61,595 պարտատոմս: Փետրվար ամսվա տվյալներով՝ նշված գործարքների առարկա են հանդիսացել 12 թողարկողի 28 դասի 32,960 պարտատոմս, իսկ մարտին՝ 10 թողարկողի 24 դասի 36,880 պարտատոմս: Նշված 3 ամսում գործարքների առարկա են հանդիսացել հետևյալ թողարկողների կորպորատիվ պարտատոմսերը. ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ ՓԲԸ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ, ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ, ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ, ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ, ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈւՎԿ, ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ, ԱՌԱՋԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՎԿ ՍՊԸ, ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌևՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կորպորատիվ պարտատոմսերով կնքվող գործարքների ընդհանուր ծավալի գերակշիռ մասը բաժին է ընկնում ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերով առևտին: Ընդ որում, հաշվետու ամիսներին կորպորատիվ պարտատոմսերով գործարքները կնքվել են ինչպես երկկողմանի անընդհատ աճուրդի, այնպես էլ հասցեական առևտրի միջոցով:
Հարկ է նշել, որ կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը բիզնեսի համար համարվում է ամենաճկուն տարբերակներից՝ ֆինանսավորման աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար: Մյուս կողմից, եթե ներդրողը ցանկանում է գտնել խնայողությունների ներդրման միաժամանակ եկամտաբեր և ճկուն տարբերակ, ապա միջազգային միտումները վկայում են, որ կորպորատիվ պարտատոմսերի գնումը լավագույն լուծումերից է:
Կորպորատիվ պարտատոմսերը բիզնեսի կապիտալում մասնակցություն չեն ապահովում, դրանք պարզապես հավաստում են ներդրողի կողմից ընկերությանը պարտքով տրված գումարը: Կորպորատիվ պարտատոմսերի համար սահմանվում է եկամտի երաշխավորված հաստատագրված դրույք և մարման ամսաթիվ: Պարտատոմսը տիրապետողին իրավունք է տալիս ստանալ պարտատոմսի անվանական արժեքը, ինչպես նաև անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունք:
Share